Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն անում է այն, ինչ իրենից պահանջում է Ադրբեջանը, եւ նույնիսկ այդ դեպքում չեն կարողանում ապահովել իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը»․ Մամիջանյան

Հունիս 16,2023 11:54

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվող կրակոցներին եւ տարածված տեսանյութին, ըստ որի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ են ադրբեջանցիները Հակարիի կամրջի տարածքում փորձել ադրբեջանական դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։

«Միակ բանը, որ կարելի է ասել այդ կադրերը նայելուց հետո, փառք հայոց բանակին։ Փառք էն տղերքին, զինվորներին ու սպաներին, որոնք ի հեճուկս Երեւանի վարած տգետ եւ դավաճանական քաղաքականությանը, շարունակում են պահպանել իմ, ձեր, մեր ընտանիքների անդորրը։ Սա միայն գնահատական է, որ կարող եմ այս իրավիճակի հետ կապված անել։ Այս գործընթացի քաղաքական գնահատականը կայանում է հետեւյալում՝ սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանն է։ Դուք գիտեք մեր քաղաքական ուժի վերաբերմունքն այս ամբողջ դավաճանական պրոցեսին, այս իշխանություններն անում են ամեն ինչ, ինչ իրենցից պահանջում է Ադրբեջանը։ Եվ նույնիսկ այդ պարագայում չեն կարողանում ապահովել իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը, որովհետեւ խաղաղությունը չեն մուրում, որովհետեւ «ամեն ինչ տանք» սկզբունքը երբեք խաղաղության չի բերելու»,- ասաց Մամիջանյանը։

Նա հավելեց․ «Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ինչ-որ հարցեր էր տալիս՝ իսկ կարո՞ղ է ադրբեջանցիները մեզ ուզում են վերացնել, բնաջնջեն, նոր ցեղասպանություն անեն։ Ոնց որ հիմա դրա պատասխանը գտել է հակառակը՝ հաշվի առնելով իր խոսույթը։ Բայց խորհուրդ կտամ՝ թող էդ կադրերը ինքը մի հատ էլ նայի ու հասկանա, թե իրականում ինչ են ուզում ադրբեջանցիները»։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ կսպասի դեպքի վերաբերյալ երկու կողմերի պաշտոնական մեկնաբանություններին։ «Ի տարբերություն ՔՊ-ական երեսփոխանների, երբեք չեմ ասի այնպիսի բաներ, որոնք կարող են վտանգել իմ երկրի, Արցախի անվտանգությունը։ Ես երկու դիտում ու 4 «լայք» ավելի ֆեյսբուքում հավաքելու համար հիմա հայտարարություն չեմ անի։ Ու դա է մեր տարբերությունը, իրենք մինչեւ հիմա չեն հասկացել, որ իրենք ոչ թե փողով աշխատող ակտիվիստներ են, այլ ի ցավս մեր երկրի, իրենք արդեն ներկայացնում են մեր երկիրը»,- հավելեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ միշտ կա լայնածավալ պատերազմի հավանականություն։ «Ես ձեզ երկու խնդրանք ունեմ՝ դա խաղաղության գործընթաց չանվանել։ Այդ խաղաղության գործընթացի հետեւանքով ավելի շատ մարդ է մահանում, քան նախորդ բոլոր տարիներին։ Գլխներին կպնի ըտենց խաղաղությունը, դա քարոզչական թեզ է, որը Փաշինյանի թիմը փորձում է գցել դաշտ։ Երկրորդ խնդրանքս՝ Ադրբեջանի այս խայտառակ ուլտիմատումները բավարարելու գործընթացը երբեւէ չհակադրել պատերազմին, չասել, որ եթե այս բանակցային գործընթացը չլինի, սրա այլընտրանքը պատերազմն է։ Ոչ, սրա այլընտրանքն արժանապատիվ բանակցություններն են։ Սրա այլընտրանքն այն էր, ինչ կար, երբ բանակցային սեղանին ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ հիմա հասել են նրանք, որ այս պահին բանակցվում է, որ Արցախում ապրող հայերը որպես անվտանգության երաշխիք՝ ունենալու են միայն Ադրբեջանի Սահմանադրությունը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930