Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի տարածքով միջանցքային որեւէ տրամաբանություն անընդունելի է»

Հունիս 16,2023 11:45

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼԵռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի, բնական գազի մատակարարումների արգելափակումը, որը շարունակվում է վեց ամիս, ծայրահեղ կերպով սրել է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես։ Եվ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել։ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները եւս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Չնայած, տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ՝ գործողությունների մեկնարկի։ Էթնիկ զտումն էլ ինչպես է լինում»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չափազանց կարեւոր է եւ պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն․«Միեւնույն ժամանակ, որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետեւողական»։

Փաշինյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում, եւ հույս հայտնեց, որ վաշինգթոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա․ «Ուզում եմ ընդգծել, որ առավելեւս այն բանի հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են եւ անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլերը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը եւ ձեռնամուխ լինել բուն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին»։

Փաշինյանը վերահաստատեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը Հայաստանը պատրաստ է երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա․ «Կրկին ընդգծում եմ՝ Հայաստանի տարածքով միջանցքային որեւէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. mehdi says:

    Ինչո՞ւ հայ ժողովուրդը ոտքի չի կանգնում թուրք լրտես Փաշինյանի դեմ. Հայ ժողովուրդ, շատ վատ է քո երկրի իշխանության գլխին քսենոֆոբ ունենալը, ով ամեն պահի մտածում է Հայաստանը քանդելու ու հանձնելու մասին!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930