Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ի օրինագիծը՝ «գործուն զղջալու» մասին, լավ քողարկված ռումբ է: Ընդունվելու դեպքում՝ բոլորս ենք զղջալու. Մելիքյան. «Ազգ»

Հունիս 16,2023 11:54

Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ Քննչական կոմիտեի շրջանառած օրինագիծը՝ «Գործուն զղջալու» մասին, լավ քողարկված ռումբ է, որ իշխանությունների համար որպես քաղաքական գործիք է ծառայելու:

Դառնալով «Գործուն զղջալու» նախագծի բովանդակությանը՝ իրավապաշտպանն ընդգծում է՝ եթե «զղջումը» հրապարակային դատաքննության ընթացքում է կատարվում, ապա, ինչ-որ առումով, այն կարող է ընկալելի լինել: Ըստ Մելիքյանի՝ այս երևույթի նկատմամբ մասնագիտական հանրույթի առարկությունը կապված է այն բանի հետ, որ ամեն բան քննիչի առանձնասենյակում է կատարվում. «Այսինքն՝ պաշտոնատար ինչ-որ մի անձ, որ ամեն ինչից զատ քաղաքական շատ ուղիղ ազդեցության տակ է գտնվում, առանց հանրային վերահսկողության կարող է որոշել, որ «իքս» մարդը պատասխանատվության չի ենթարկվելու:
«Գործուն զղջալու» ինստիտուտը խորհրդային է, ավելին՝ քրիստոնեական շրջանի արմատներ ունի. հատկապես հին դատաստանագրքերում զղջման ու ներման մասին շատ է գրվել:

Հիմա առաջարկվում է, որ սրանց գումարվի նաեւ հանցագործության ծանր ու առանձնապես ծանր տեսակները: Այսինքն՝ գործում ներգրավված քննիչը կամ դատախազը ծանրացնող հանգամանքներում սպանություն կատարած անձին կարող են ասել՝ եթե զղջում ես, ապա՝ հաջողություն, ու գործն անգամ դատարան էլ չուղարկվի»:

Հարց է առաջանում՝ խայտառակ այս նախագիծն ինչո՞ւ են հիմա ուզում կյանքի կոչել: Սա պատահական չէ: Կհիշեք՝ մի քանի ամիս առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսում էր 11 հազար դասալիքի մասին, ու դա պատահական թիվ չէ: 44-օրյա պատերազմի դրվագներով՝ մոտավորապես այդքան մարդու նկատմամբ մեղադրանք կա առաջադրված, ու դրանք, որպես կանոն, ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ են:
Մինչեւ օգոստոսի վերջ այս մարդկանց հարցը պետք է լուծել՝ կա՛մ այս կողմ, կա՛մ՝ այն: Նրանց արդարացնել չեն կարող, որովհետեւ կստացվի, որ Հակոբյանը սխալ ինֆորմացիա է ասել, բայց եթե «Գործուն զղջումով» անցնեն, ապա մեղքն ընդունվելով՝ մարդկանց կներեն ու կազատեն իրավական գործընթացներից: Կարճ ասած՝ պատերազմի մասնակիցներին ստիպում են, համոզում են կամ, գուցե, շահագրգռում են, թե՝ տղերք ջան, ընդունեք մեղքն ու գնացեք հանգիստ ապրեք: Բայց սրանից հետո Փաշինյանն ու նրա հետ փողկապակցված անձինք կբարձագոչեն, թե «խնդրեմ, սա էլ ապացույցը, 11 հազար մարդ ընդունել է, որ դասալքություն է արել»: Նախագծի քաղաքական բաղադրիչը հենց սա է»,- եզրափակում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ սա հակապետական ու հակաիրավական նախագիծ է, իսկ ընդունվելու դեպքում՝ բոլորս ենք զղջալու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930