Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Շնորհակալական նամակներ եմ ստանում: Գոհ են նախագծից. պաշտպանում ենք սպառողների իրավունքները, իսկ բիզնեսը զերծ պահում ռիսկերից. Գևորգ Պապոյան. «Հրապարակ»

Հունիս 16,2023 10:54

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Այս նախագիծը բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների շրջանում, այնպես էլ ՔՊ թիմի ներսում։ Ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այդպիսով փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն ոլորտից, դաշտը կմոնոպոլացվի: Քննարկումների ժամանակ ՔՊ-ականներն էլ են մերժել նախագծի այս տարբերակը, եւ առաջին ընթերցում անցած նախագիծն առժամանակ սառեցվել է։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում նախագծին, եւ արդյոք այն օրենքի տեսք կստանա՞։ Զրուցել ենք հեղինակի՝ Գեւորգ Պապոյանի հետ։

– Նախ նշեմ, որ հիմա այնպիսի տարբերակ եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել, որ ե՛ւ բանկերից, ե՛ւ կառուցապատողներից շնորհակալական նամակներ եմ ստանում, որոնք ուղարկել են իմ պաշտոնական մեյլի վրա։ Բոլորը գոհ են նախագծից եւ համարում են, որ, այո, այն պետք էր, եւ դրանով մենք պաշտպանում ենք սպառողների իրավունքները, իսկ բիզնեսը զերծ ենք պահում ռիսկերից։ Մեր խմբակցության պատգամավորների մի մասը եւս ինձ հետ քննարկումների ընթացքում համոզվել է այս գաղափարի ճշմարտացիության մեջ։ Կարծում եմ՝ եւս 1-2 քննարկումներ կունենանք եւ վերջնական որոշում կկայացնենք։ Կան գործընկերներ, որոնք համարում են, որ ավելի խիստ լուծումներ պետք է լինեն, քան ես եմ առաջարկում, կան նաեւ այնպիսիք, որոնք մի քիչ ավելի մեղմ տարբերակին են կողմ։ Շեշտեմ, որ ոչ մի կառուցապատող կամ բան, չի մերժել իմ առաջարկած գաղափարը, խնդիրն ընդամենը տոկոսային հարաբերակցության մասին է, լինի 40, 50, թե 60։ Այս նախագծով մենք ուզում ենք, որ երբ ՀՀ քաղաքացին գնում եւ բնակարանի գնման իրավունք է ձեռք բերում, որը ոչ այլ ինչ է, քան ընդամենը խոստում, բայց դրա դիմաց վճարում է միլիոններ, երաշխիքներ ստանա, որ այդ բնակարանն ինքը կունենա։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ բնակարանի համար վճարված 50 տոկոս գումարն է ընդամենը ծախսվում, 50 տոկոսը կա՛մ հարկեր են, կա՛մ շահույթ․ սա ասում են կառուցապատողները։ Մի մասն ավելի մեծ թիվ է ասում՝ հարկերի ու շահույթի մասով, մեկը նույնիսկ 65 տոկոս ասաց, բայց ամենաքիչ թիվը 50 տոկոսն է։ Ես ասում եմ՝ հարկերն ու շահույթը թող կառուցապատողը ստանա այն ժամանակ, երբ մարդուն կտաք իր տունը։

– Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր նախնական տարբերակը չընդունվեց, քանի որ այն ընկալելի չէր նախ ձեր թիմում, եւ քննարկումների արդյունքում 50/50 տարբերակի վրա եք կանգ առել։

– Երբ ես խոսել եմ 25/75-ի մասին, նախագիծը ներկայացնելիս ասել եմ, որ սա մի քիչ մաքսիմալիստական է, քննարկումների արդյունքում տարբեր տարբերակներ ենք քննարկել եւ եկել ենք, այո, 50/50 տարբերակին: Խոստովանեմ, որ մի քանի կառուցապատող կա, որ ռիսկային գոտում են, դրա համար կոշտ միջոցների չենք գնում։ Նախագիծն օրակարգում է եւ պետք է օրակարգ գա սեպտեմբերին, թեպետ մի քանի բանկից խնդրում են արագացնել եւ պատճառաբանում են, որ գործընկեր բիզնեսմենները սպասում են՝ ինչ որոշում կընդունեք, ըստ այդմ` վարկային պայմանագրեր կկնքեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930