Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՔՊ-ական քարոզչությունը եւ ընդդիմության անելիքը

Հունիս 16,2023 10:00

Երիտասարդ ՔՊ-ականը «որպես թիմի անդամ» եւ «որպես քաղաքացի» անհանգստացել է ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ հարցազրույցում արտահայտած մտքից, եւ իր անհանգստությունը ձեւակերպել է որպես հարց՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե սպորտային զուգահեռն օգտագործենք, ապա դա գնդակի շատ հարմար «օդանց» փոխանցում էր՝ վերեւից «տոպկելու» համար. ԱԺ – կառավարություն հարց ու պատասխանի հետ դա առանձնապես կապ չունի:

Վարչապետը, բնականաբար, օգտվեց այդ հնարավորությունից՝ ասելով, որ Արցախը «նախկիններն» են հանձնել, որ նրանք դասալիքներն են, ակնարկելով, որ Աղվան Վարդանյանը, երբ նախարար էր, վատ գործերով էր զբաղված, ու պնդելով, որ Հայաստանում հիմա օրենքի գերակայություն է, հետեւաբար, Աղվան Վարդանյանով պետք է զբաղվեն իրավապահները:

Մի խոսքով՝ սովորական ՔՊ-ական քարոզչություն, որը տվյալ դեպքում մատուցվում է որպես «հարց եւ պատասխան»: Ի դեպ, եթե Հայաստանում օրենքի դիկտատուրա լիներ, ապա գործադիր իշխանության ղեկավարը ԱԺ ամբիոնից չպիտի հայտարարեր, որ իր ընդդիմախոսով պետք է զբաղվեն իրավապահները, որովհետեւ վերջիններս դա ընկալում են որպես հրահանգ:

Չեմ կասկածում, որ այսքանից հետո Աղվան Վարդանյանին կանչելու են հարցաքննության: Քաղաքական բռնաճնշումները հատուկ են նաեւ այս՝ իբր «ժողովրդավարական» իշխանություններին: Երեկվա խմբագրականում գրել եմ դրա մասին, եւ Արմեն Աշոտյանի երեկվա ձերբակալությունը դրա նոր ապացույցն է:

Այնուամենայնիվ, համաձայնելով ընդդիմադիր պատգամավորի հետ, որ այս իշխանությունների քաղաքականության պատճառով Արցախի եւ ընդհանրապես հայկական պետականության գլխին մահացու վտանգ է կախված, ինձ թույլ կտամ նկատել, որ առաջնահերթ խնդիրը Փաշինյանից ազատվելը չէ, եւ «վճռական մահապարտները» որեւէ խնդիր չեն լուծում:

Ընդդիմության անելիքը, կարծում եմ, այլ պետք է լինի՝ ձեւակերպել, թե ինչպիսի պետություն պետք է դառնա Հայաստանը՝ նշված վտանգներին դիմակայելու համար: Բայց ձեւակերպելը քիչ է, պետք է համոզել հասարակության մեծ մասին, որ ելքը հենց դա՛ է: Ես, օրինակ, իմ պատկերացումն ունեմ այդպիսի պետության մասին: Վախենամ, սակայն, որ նման հեռանկարը մեծամասնությանը դուր չի գա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Ինչպես միշտ՝ համ մեխին, համ պայտին, որն, իմ կարծիքով՝ ավելի վատ է, քան Նիկոլին բացահայտ պաշտպանելը: Ի վերջո՝ Նիկոլն իրեն ավելի ազնիվ է պահում, քան իր տարատեսակ կեղծ քննադատները, որոնք ամեն քայլափոխի իրենց երրորդ ուժ են հռչակում, բայց իրականում նիկոլից ավելի նիկոլ են: Դե իսկ մեծարգո պարոն վարչաղետի մասին խոսելն արդեն ավելորդ է. որպես ազնիվ չարչի քիրվայական՝ նա ազնվորեն եւ բազմիցս խոստովանել է, որ ինքը դավաճան է եւ պետական հանցագործ, որ ատում է ռուսներին ու պարսիկներին, արցախցիներին ու սյունեցիներին եւ ընդհանրապես բոլոր այն ըմբոստ հայերին, որոնք չեն ուզում «թուրքի շուն» դառնալ…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “առաջնահերթ խնդիրը Փաշինյանից ազատվելը չէ, եւ «վճռական մահապարտները» որեւէ խնդիր չեն լուծում”

    Իհարկե՝ մեր սրտի վարչաղետից ազատվել պետք չէ. եկեք զբաղվենք առաջնահերթ ջուր ծեծելով ու թողնենք, որ մեծարգո թրքահպատակը հանգիստ վիլայեթացնի Հայաստանը, հերթով բանտարկի բոլոր վճռական մահապարտներին: Թողեք պատուհաս ջահելները մի քիչ էլ աշխատեն, էլի… 🙂

    Ընդհանրապես ասած՝ կարելի է համաձայնվել, որ հրաժարականով ոչ մի խնդիր չի լուծվում, բայց ոչ մի խելամիտ մարդ չի էլ պնդում, թե խնդիրը կարելի է լուծել միայն մեծարգոյից հողատուից ազատվելով: Դա խնդրի լուծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Ընդդիմության անելիքը, կարծում եմ, այլ պետք է լինի՝ ձեւակերպել, թե ինչպիսի պետություն պետք է դառնա Հայաստանը՝ նշված վտանգներին դիմակայելու համար:”

    Վիճակն այն աստիճան աղետալի է, որ ձեւակերպումն արդեն ոչ թե ինչպիսին դառնալու, այլ ընդհանրապես պետություն մնալու մասին կարող է լինել: Այս տեմպերով թուրքացումը որ շարունակվի՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստան պետություն պարզապես չի լինի: Այնպես որ այժմյան ձեւակերպումը միայն մեկը կարող է լինել՝ կամ պետություն, կամ նիկոլ: Մնացած ձեւակերպումները իմաստ ունեն միայն այս հարցի լուծումից հետո…

    Իհարկե՝ այնպես չէ, որ ընդդիմությունն ձեւակերպումներ չունի, բայց այս օրհասական պահին ընկնել սոցիալ-փիլիսոփայական խոհերի գիրկը՝ կնշանակի ջուր լցնել Նիկոլի ջրաղացին: Թրքահպատակ հողատուի քարոզիչները անդադար այդ երգն են երգում. թե բա՝ իրենք ինքնիշխանության համար ամբողջ օրը կռիվ են տալիս, իսկ էդ թալանչի-նախկինները ուզում են իրենց կառուցած չքնաղ վիլայեթը վարի տալ: Սա արդեն Հայաստան չի, այլ ապուշ, պատվազուրկ մի Աբսուրդիստան…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց ձեւակերպելը քիչ է, պետք է համոզել հասարակության մեծ մասին, որ ելքը հենց դա՛ է:”

    Հասարակության մեծ մասի վրա հույս դնողները պարզապես վկայում են սեփական տկարությունը: Հույսը գրագետ փոքրամասնության վրա պետք է դնել, այլ ոչ թե տգետ զանգվածներին համոզելու: Դա ոչ միայն անիմաստ զբաղմունք է, այլեւ անպտուղ եւ վնասակար: Իսկ երբ հրապարակ կգան հասարակության գրագետ մասից ընտրված «վճռական մահապարտները»՝ այդ դեպքում անմիջապես կհայտնվեն ախուրյանցի Անոներն ու կոլոտ Հովոները եւ ականջները կախ կդապարտեն Նիկոլի հանցախմբի բոլոր հակաժողովրդական քայլերը…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930