Լրահոս
Օրվա լրահոսը

Կալցիումը կարևոր է մարդու համար կյանքի բոլոր փուլերում

Հունիս 16,2023 09:30

Այս հանքանյութը մեզ անհրաժեշտ է ծնված օրվանից մինչև խոր ծերություն։ Մանուկ հասակում այն հարկավոր է ոսկորների ու ատամների ձևավորման, կանոնավոր աճի ու զարգացման համար, դեռահասության շրջանում այն օրգանիզմի նորմալ զարգացման նախապայմաններից մեկն է, իսկ այնուհետև անհրաժեշտ է ոսկորների և ատամների ամրության պահպանման համար։ Այս ամենից զատ այն մի շարք այլ կարևոր գործառույթներ ունի, օրինակ՝ պայքարում է ճարպակալման դեմ, նպաստում հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանը և այլն։

Ինչո՞ւ է կալցիումը համարվում առողջության «շինանյութ»

1․ Այն ամրացնում է ոսկորները․ կալցիումը կարևոր է ողնաշարի համար, օգնում է թեթեւացնել մեջքի ցավն ու պահպանել ոսկորների բարվոք վիճակը։ Այս հանքանյութը կանխարգելում է արթրիտներն ու օստեոպորոզը, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու շարժունակության վրա և կարող են խիստ ցավերի պատճառ լինել։ Կալցիումն ամրացնում է ատամները, հոգում ծնոտների ոսկորների մասին։

2․ Կարգավորում է քաշը․ կալցիումն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց օգնում է պահպանել մարմնի նորմալ զանգվածը։

3․ Պաշտպանում է սրտամկանը․ այս հանքանյութն օգնում է սրտի մկաններին կանոնավոր կերպով կծկվել ու թուլանալ։

4․ Կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը․ բժիշկ Ուլրիկե Պիտերսն ու Քեթրին ՄաքԳլինը զեկույց էին հրապարակել, որտեղ նշվում է, որ կալցիումի բավարար քանակը կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը՝ ճնշելով պոլիպների աճը։

5․ Նվազեցնում է նախադաշտանային համախտանիշի ախտանշանները․ կալցիումի բավարար քանակությունն օգնում է հաղթահարել նախադաշտանային համախտանիշը՝ նվազեցնելով գլխապտույտների, տրամադրության փոփոխության, հիպերտոնիայի հավանականությունը։

6․ Կարգավորում է օրգանիզմի թթվահիմնային (pH) հավասարակշռությունը․ անառողջ սնունդը, սննդում շաքարի ու պահածոյացված մթերքների գերակշռությունն օրգանիզմում թթվային միջավայր են առաջացնում, որը, համաձայն BMJ Open ամսագրում հրապարակված զեկույցի, կարող է երիկամներում քարերի առաջացման, հիպերտոնիայի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Կալցիումն օգնում է պահպանել թթվահիմնային հավասարակշռությունը՝ բարելավելով մարդու օրգանիզմի վիճակը։

7․ Նպաստում է բջջաթաղանթի միջով սննդարար նյութերի տեղափոխմանը։

Օրգանիզմում կալցիումի անբավարարության ախտանշանները

  • Մկանային ցավեր ու կծկումներ,
  • ջղաձգումներ,
  • սրտի ռիթմի արագացում,
  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • օստեոպորոզ,
  • ատամների հետ կապված խնդիրներ,
  • լնդերի հիվանդություններ,
  • անքնություն,
  • նախադաշտանային համախտանիշ։

Կալցիումի սննդային աղբյուրները

Տարածված կարծիք կա, որ կաթն է կալցիումի ամենահարուստ աղբյուրը, սակայն, բրոկոլին, օրինակ, նույնպես կարող է հարստացնել օրգանիզմը կալցիումի անհրաժեշտ քանակով։ Նաև պետք է նշել, որ յուղազերծված կաթն ու սովորական կաթը գրեթե նույն չափով են կալցիում պարունակում։

Հիմնական աղբյուր են համարվում՝

  • Կաթն ու կաթնամթերքը,
  • ընդեղենը,
  • ձկնեղենը (հատկապես սաղմոնն ու սարդինան),
  • ծովամթերքը, ոստրեներ,
  • քունջութը, արևածաղկի, չիայի սերմերը,
  • կանաչ տերևավոր բաջարեղենը (բրոկոլի, սպանախ, կալե կաղամբը և այլն),
  • նարնջի հյութը,
  • սոյան, սոյայի մթերքները,
  • բրինձը,
  • կանաչ ոլոռը և այլն։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930