Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պաշտպանը դառնում է դահիճ

Հունիս 16,2023 00:03

Հիշո՞ւմ եք, հարգելի ընթերցող, Արամայիս Սահակյանի, բոլորիս քաջ ծանոթ բանաստեղծության տողերը «Ես չեմ կարող փոխել աշխարհը ու կամաց-կամաց ինքս եմ փոխվում»: Հետեւելով բանաստեղծության տողերին, ստացվում է՝ մե՞նք պետք է փոխվենք, թե՞ արդեն փոխվել ենք եւ փոխվում ենք:

Որեւէ մեկը կարդալով այս նյութը, կարող է ասել՝ նորից կենդանիներ, ուրիշ դարդ ու ցավ չկա՞: Կա իհարկե, եւ հենց այդ դարդի ու ցավի դարմանն են կենդանիները նույնպես: Տեսեք, թե ինչպես են նրանք հանգստացնում մարդուն, երբ մարդը կորուստ է տեսել, երբ սրտի ցավից ուզում է գոռալ, բայց, տեսնելով անպաշտպան մի շուն, ջերմացած հոգով օգնում է նրան եւ ուրախանում այդ շան շնորհակալ հայացքից, իսկ երբ սովորեցնում է երեխային շոյել եւ կերակրել անտուն կատվին, հենց դրանով է նրա մեջ բարություն սերմանում: Կամ, միգուցե, մեկը՝ մարդկանցից հիասթափված, հավատարիմ կենդանու սիրո կարի՞քն ունի:

Բայց լիրիկական նախաբանից հետո, անցնենք մեր պատմությանը: Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» (Համայնքային ոչ առեւտրային աազմակերպություն՝ ՀՈԱԿ, կամ ինչպես շատերին հայտնի է՝ «Կենդանիների խնամքի կենտրոն), որի մասին վերջերս գրել էինք, թե իր գործն է անում, փորձում է առաջադիմել, այժմ, օրենքով սահմանված «բարի» գործերով, ուղղակի սպանում է կենդանիներին:

Թափառական կենդանին մեղավոր չէ, որ դարձել է անտուն, մեղավոր չէ, որ լինում է ագրեսիվ, մեղավոր են այն պատասխանատու անձինք, որոնք, միայն քանակն ապահովելու համար, մեկընդմեջ բռնում են շներին մի վայրից՝ ստերջացնելու համար, հետո տանում այլ տեղ, եւ դրանով վնասում կենդանուն, քանի որ այդտեղի շները չեն ընդունում նորեկին:

Այո, այո, այն ինչ պատմեցին բնակիչները, սեփական աչքերով եմ տեսել, ապացույց լուսանկարներն էլ դեռ կան: Ինչ-որ տարածքից վերցված շան փոքր ձագուկը, հայտնաբերվեց սատկած (դեռ ստերջացման վերքերը թարմ էին) իրենց թաղամասում: Երբ տեսան՝ արդեն ուշ էր: Նա այդ բակի շունիկը չէր, բայց, միեւնույն է, ամեն ինչ կանեին օգնելու համար, եթե չբերվեր եւ անօգնական չթողնվեր բակում՝ առանց բնակիչներին զգուշացնելու:

Իսկ հիմա այս շաբաթվա դեպքը՝ մտահոգ բնակիչները զանգում են ՀՈԱԿ, որ իրենց բակի փոքրիկ սպիտակ «Լունա» անունով շունը ստերջացվի: Շունիկը շատ գեղեցիկ էր, եւ փոքր չափսերի: ՀՈԱԿ-ը եկավ, երբ տանում էին, բնակիչները խնդրեցին, որ ստերջացնելուց հետո այլ տեղ չտանեն, ետ բերեն իրենց բակ, որտեղ նրան խնամում են: Մեկ շաբաթ հետո բնակիչները զանգում են ՀՈԱԿ, հարցնում, թե երբ կվերադարձնեն շանը, ինչին ստանում են պատասխան, որ շան մոտ հայտնաբերվել է «լեյշմանիոզ» հիվանդությունը, եւ նրան քնացրել են: Վրդովված բնակիչները հարցրել են ՀՈԱԿ-ի աշխատողից, թե ինչո՞ւ, ունենալով իրենց հասցեն եւ հեռախոսահամարը, կապ չեն հաստատել՝ տեղեկացնելու համար: Հիվանդությունը ենթակա է բուժման, նախանշանները շան մոտ չեն նկատվել, ինչը նշանակում է, որ հիվանդության սկիզբն էր՝ եթե իսկապես այն կար:

Դուք կհարցնեք՝ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում ՀՈԱԿ-ին: Բայց պատասխանը հետեւյալն է՝ նախ զարմանալի է, որ հետազոտությունը եւ հիվանդության ախտորոշումը կատարվեցին շատ կարճ ժամանակում, եւ անգամ հասցրեցին շանը քնացնել: Ավելի հավանական է, որ շունիկն արդեն հղի էր եւ որոշվեց ոչ թե վիրահատել, այլ քնացնել (սպանել):

Դե ինչ ասենք, ուշ է ինչ-որ բան անել, երբ որոշումները կայացված են եւ ի կատար են ածված: Ո՞վ է բնակիչը, որ իրեն որեւէ փաստաթուղթ ներկայացվի կամ տեղեկություն տրվի: ՀՈԱԿ-ն իր հերթական «բարի» գործն արեց:

Թափառական եւ անտուն մարդիկ նույնպես կան մեր երկրում, ի՞նչ է, նրանք նույնպես ենթակա չեն բուժման:

Օրենքները կարեւոր են, նրանք պետք է պաշտպանեն մարդկանց, բնությանը, կենդանիներին… պաշտպանեն, այլ ոչ թե՝ հակառակը:

Եթե այս հոդվածը կարդան օրենքը կազմող եւ ներկայացնող մարդիկ, միգուցե նրանք մտածեն ոչ միայն ճիշտ աշխատելու մասին, այլ նաեւ այն մասին, որ շատ մարդիկ, վերցնելով կենդանիներ, պահում են ոչ պատշաճ պայմաններում կամ դուրս են հանում՝ որոշ ժամանակ պահելուց հետո: Այս բոլորը նույնպես բերում է անտուն կենդանիների քանակի ավելացմանը: Այդ մարդկանց կարելի է պատասխանատվության ենթարկել կամ տուգանել, եւ այդ գումարներն օգտագործել հիվանդ կենդանիների բուժման, պատշաճ ստերջացման համար, եւ այդ մեթոդները կօգնեն, որ վերանա «անտուն, թափառող կենդանի» հասկացությունը:

Իսկ թե ե՞րբ կփոխվեն մարդիկ, դրան երեւի մեր սիրելի հանճարեղ բանաստեղծ- երգիծաբանն էլ չկարողանար պատասխանել:

Ալեկս ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930