ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբի նիստի ժամանակ փաստաբանները ներկայացրեցին փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու դեպքի մասին, նշվեց 4 ամիս առաջ տեղի ունեցած բռնություն մեկ այլ դեպքի մասին էլ, որը կատարվել էր փաստաբաններ Մարզպետ Ավագյանի եւ Էմանուել Անանյանի նկատմամբ, եւ մի քանի օր առաջ է միայն տեղի ունեցել առերես հարցաքննությունը…
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Ալավերդյանը 2023-ի հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին իր պաշտպանյալի հետ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցել է քրեական գործով նշանակված դատական նիստի։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով։ Նիստի ավարտից հետո, ինչպես ներկայացրել է փաստաբանը, նա իր պաշտպանյալի հետ քայլելիս է եղել դատարանի դիմացի մայթով, երբ նրանց են մոտեցել 20-30 եւ ավելի ոստիկանության ծառայողներ. «Նրանք Կենտրոնի եւ Էրեբունու բաժնից էին եւ պարեկային ծառայությունից: Տեւական ժամանակ չէին կարող բացատրել իրենց՝ մոտենալու նպատակը»։ Պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայողների ծառայողական մեքենան, իսկ փաստաբանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: «Մոտենալով կոնկրետ աշխատասենյակին՝ ներսից լսեցի պաշտպանյալիս բղավոցները եւ իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու ծառայողներ փորձեցին խոչընդոտել, որ բացեմ դուռը, սակայն ես հաղթահարեցի եւ բացեցի աշխատասենյակի դուռը եւ հայտնաբերեցի պաշտպանյալիս բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները հետեւից ամրացված։ Ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ էին հասցնում նրա մարմնի, գլխի տարբեր հատվածներին՝ որեւէ խտրականություն չդնելով իրենց գործողությունների մեջ։ Արձագանքել եմ, մոտեցել եմ, պաշտպանյալիս բարձրացրել եմ գետնից, կանգնել եմ նրա դիմաց, արգելել եմ ոստիկանության ծառայողներին մոտենալ, հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել»,-հայտնել էր փաստաբանը: Ըստ նրա՝ «Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո մեղմ եւ հետո ավելի ագրեսիվ պահանջներ են ներկայացրել ոստիկանության շենքը թողնել։ Ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, հանկարծակի իմ նկատմամբ կիրառվել է ոչ թե անհամաչափ ֆիզիկական ուժ, այլ անհարկի ֆիզիկական ուժ։ Ես որեւէ դիմադրություն ցույց չեմ տվել»։
Հունիսի 12-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբանի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանը խոստացել է՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն եւ բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն, հանդես գալով պարզաբանմամբ, տեղեկացրել էր. «Չնայած վերջիններիս (փաստաբանի եւ նրա պաշտպանյալի-Ռ.Մ.) ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են եւ տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք»: Իսկ ըստ ոստիկանության զեկուցագրի. «Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսեւորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել»:
Կարդացեք նաև
Հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի ակումբի նիստին ներկա փաստաբանները դատապարտեցին ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի եւ այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաեւ՝ փաստաբանին ձերբակալելու եւ խուզարկության ենթարկելու դեպքերը: Նրանք պահանջում էին ՆԳՆ-ից՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի եւ Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները, դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթեւոսյանին:
Պալատը կդիմի նաեւ միջազգային կառույցներին: Փաստաբանները իրենց սոցիալական հարթակներում, թվիթերյան գրառումներում ահազանգում են խոշտանգման այս դեպքերի մասին:
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է. «Էն ժողովրդավարության բաստիոնի տիրոջն ասեք, որ ոչ ժողովրդավարական բաստիոնում նման խայտառակ պահվածք ոստիկանները չէին համարձակվում անել, որ հերիք չէ, որ հենց ոստիկանության բաժնում հենց փաստաբանի աչքի առաջ հպարտ քաղաքացու ծեծեն, ապա նաեւ դրան միջամտած փաստաբանին ծեծեն, ձեռնաշղթա հագցնեն ու դրանից հետո գազ փչեն աչքերին։ Հիշեք, որ ժամանակին դուք էիք փաստաբանների օգնությանն ապավինել ու հաստատ ապավինելու եք»:
Փաստաբան Աննա Ծառուկյանն էլ գրում է. «Ինչո՞ւ եք միայն ծեծի ենթարկում մարդ էլ կերեք։ Դատապարտում եմ այս խոշտանգումները եւ որեւէ կերպ սա ներել չի կարելի», Ռուբեն Մելիքյանի գրառումն էլ սա էր «Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարկելի լինի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2023