Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի ինքնահռչակ «ֆրանսիացիները», «ամերիկացիները», լիբանանցիները եւ Հայաստանի «ռուս» հայերը

Հունիս 16,2023 13:00

Սա Հայաստա՞նի Հանրապետությունն է, թե՞ «վաբշեհայաստանի» Հանրապետությունը

Լիբանանում որոշ քրիստոնյա մարոնիացիներ, հատկապես, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպիսիք են՝ բանկի մասնաճյուղերի մենեջերները, վեբ ընկերությունների սեփականատերերը, գրաֆիկական դիզայներները եւ այլն, կարծում էին, թե իրենց ֆրանսերեն խոսելը ցույց կտա մյուսներին, որ իրենք «բարձր հասարակության», «կրթյալ», «մակարդակ ունեցող» մարդիկ են՝ «հասարակության սերուցքը»:

Բեյրութի շրջաններից մեկի՝ Համրայի տարածքում մահմեդական հասարակությունը ստեղծեց իր սերունդը, հատկապես նրանք, ովքեր հաճախում կամ ապրում են Համրայի Բեյրութի Ամերիկյան Համալսարանի՝ AUB (American University of Beirut) շրջակայքում, նրանք եւ որոշ մարդիկ, լսում են ռոք երաժշտություն եւ հաճախում են համալսարաններ, եւ այնքան մոդեռն «ամերիկյան» են, որ խոսում են անգլերեն…

Մի քանի շաբաթ առաջ Էջմիածնի մեր թաղի երեխաները ոգեւորված էին. մի փոքրիկ աղջիկ եկավ թաղամաս, անչափ գեղեցիկ, անմեղ, կարծես շփոթված եւ կորած հայացքով: Ամեն անգամ, երբ փորձում էի խոսել նրա հետ, նա նայում էր ինձ զարմացած, ապշած հայացքով: Ինձ ասացին, որ նա կիսով չափ ռուս է (մայրական կողմ) եւ կեսհայ (հայրական կողմ), եւ որ նա չի խոսում հայերեն:

Շուտով հայտնաբերեցի, որ նա շատ ավելի լավ հայերեն է խոսում, քան ցույց է տալիս, եզրակացրի, որ շատ ամաչկոտ է տարեցների հետ, բայց աղջիկներիս հետ հայերեն խոսեց, աղջիկներիս հանձնարարեցի խոսել նրա հետ միայն հայերենով եւ շատ խոսել նրա հետ: Անմիջապես մյուս երեխաները հավաքվեցին ՝ պարծենկոտ եւ ցուցադրական ոճով նրա հետ խոսում էին ռուսերեն, ինչն ավելի խորն է դարձնում խնդիրը, այն է՝ որ փոքրիկները հաճույքով պարծենում են, երբ խոսում են ռուսերեն՝ ընդգծված ժեստերով, եւ խոսողը մեկ երեխա չէր՝ թաղի գրեթե բոլոր երեխաներն այդպես էին վարվում, միայն իմ խիստ հսկողության տակ գտնվող աղջիկներս էին նրա հետ հայերեն շփվում։

Մի քանի օր առաջ աղջնակը մեկնեց Ռուսաստան, եւ ես ցավ զգացի, որ ինչ հայկական ինքնություն էլ փորձեցի տեղավորել նրա ենթագիտակցության մեջ՝ իմ առաքելությունը ձախողվեց։

Եվ սա մեկ դեպք չէ: Հենց երեկ ես աղջիկներիս տարա Էջմիածնի խաղահրապարակ՝ 6-7 տարեկան մի աղջիկ մոտեցավ մեծ աղջկաս եւ սկսեց խոսել ռուսերեն: Ես նայեցի նրան, նրա շապիկը ծածկված էր հայկական այբուբենով։ Ես նրան հայերեն հարցրի՝ հա՞յ է, նա ասաց՝ այո, ավագ քույրը եկավ եւ ասաց, որ նա հայ է, բայց հրաժարվում է հայերեն խոսել, խոսում է միայն ռուսերեն:

Հանրապետությունում դա ախտանիշ է դարձել. մարդիկ ուզում են իրենց ներշնչել, որ հավատան եւ ինքնահամոզեն, թե իրենք ռուս են, ռուսերեն են խոսում, ռուսերեն ժեստերով, կոշտ ու ամբարտավան են խոսում, վիրավորում են եւ ենթադրում են. «Վայ՝ ես այնքան ռուս եմ…»:

Մինչդեռ այդ անգրագետները երբեք չեն գիտակցում, որ Հայաստանում բնակվող ռուսներն իմ երբեւէ հանդիպած ամենաքաղաքավարի՝ համեստ եւ բարի մարդկանցից են։ Ավելի ծիծաղելի է թվում այն, որ իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը ոչ միայն օգտագործում է ռուսերեն բառերն իր գաղափարներն արտահայտելու համար, այլ նույնիսկ նրանք փորձում են իրենց մտքերը ձեւակերպել այնպես, որ ռուսերեն որոշակի բառը բացարձակապես անտեղի է նախադասության մեջ: Մարդիկ ուղղակի ձեւակերպում են իրենց նախադասություններն այնպես, որ կարող են օգտագործել «պրոստը» եւ «վաբշե», նմանօրինակ ռուսերեն բառեր օգտագործելը դարձել է պարտադիր, նույնիսկ եթե նախադասությունը նման արտահայտություններ չի պահանջում:

«Ես բանան չեմ ուտում»: Թվում է, թե վերջ, բայց չգիտես որտեղից, չգիտես ինչու անպայման հայտնվեց «վաբշե» բառը…

Հենց երեկ նույնպես մի տղա ավարտեց իր նախադասությունն ամբողջությամբ, աղջկան ասաց՝ «եթե սա կրկնես, չեմ ների», 4 վայրկյան կանգ առավ, եւ … «վափշե», կարծես մոռացել էր իր սուրբ առաքելությունը: Այս ամենը ծաղրելու համար չէ, այլ մատնանշելու համար է, որ շատ տարօրինակ բան է, կարծես մի ամբողջ համակարգ տասնամյակներ շարունակ աշխատում է հանրապետության քաղաքացիների ենթագիտակցության մեջ այս օտարաթեք բնավորությունը ներարկելու համար:

Մայրը դստերը հրահանգ տվեց դանդաղեցնել, երբ փոքրիկ աղջիկը չհամապատասխանեց իր քայլքը, նա բղավեց «շուստրիի պես ես քեզ պահում», իմ տպավորությունն այն էր, թե նա ենթադրում էր, որ ռուսերեն բառը կարող է ավելի արդյունավետ եւ ավելի «հարմար լսելի» լինել, որպեսզի կարողանա. հասնել ցանկալի արդյունքի:

Ժողովուրդ, ԱՐԹՆԱՑԵՔ:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
15.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930