Հայաստանը տեսարժան վայրերի պակաս չունի՝ եկեղեցիներ, կիրճեր, սարեր, բերդեր…, որոնք իրենց մեջ ամփոփում են հազարամյակների պատմություն։ Կարծես զբոսաշրջիկների պակաս էլ չկա. ըստ պաշտոնական տվյալների՝ միայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր երկիր է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, իսկ միայն մայիսին՝ 176 հազար։ Արտասահմանցիները վաղուց հետաքրքրված են Հայաստանի բնությամբ՝ Սեւան, Պարզ լիճ, Արագած լեռ…, դեպի Տաթեւի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղով, վառ զգացողություն փնտրողներն էլ իրենց հետաքրքրությունը գտնում են էքստրեմալ տուրիզմի համար նախատեսված բազմաթիվ վայրերում։ Գործում է նաեւ առողջարանային տուրիզմը՝ Արզնի, Ջերմուկ, Դիլիջան եւ այլն։ Գրավիչ է ուխտագնացային տուրիզմը. Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Տաթեւ, Հաղարծին, Խոր Վիրապ… բոլորը չես թվարկի։
Բայց կա տուրիզմի մի ոլորտ, որը մեզ մոտ բացակայում է. խոսքը աշխարհում վաղուց գործող մշակութային զբոսաշրջության մասին է։ Այն ներառում է այցելություններ զուտ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ։ Տուրիզմի այս ձեւը տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց սովորույթների, ավանդույթների, կենցաղի ուսումնասիրության միջոց է։ Մի փաստ էլ արձանագրենք. օրինակ՝ վերջին շրջանում հանդիպել ենք Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ժամանած երաժշտարվեստի սիրահարների, որոնք հատուկ եկել են մեր երկիր՝ ներկա գտնվելու Երեւանի օպերային թատրոնի պրեմիերաներին եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտարվեստի աստղերին, գերաստղերին ունկնդրելու նպատակով։ Այսինքն՝ ժամանակն է մեզ մոտ զբաղվելու նաեւ արտտուրիզմով։ Օրերս Թումոյի այգում ներկայացված Խաչատրյանի երեք բալետային՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես» ներկայացումներից հետո, նույնիսկ կասկած չկա, որ տուրիստների մեծ հոսք կարելի էր ապահովել։
Մի քանի տարի է՝ ինչ, կարելի է ասել՝ արտտուրիզմով է զբաղվում մշակութային արժեքների փորձագետ Արա Մուշեղյանը, որի գործունեությանը ծանոթ են միայն մշակույթի ոլորտի մարդիկ։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Արա Մուշեղյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է 2017 թվականին. «Ռուսաստանում բնակվող արվեստագետ ընկերներս ցանկություն հայտնեցին գալ Հայաստան՝ ավելի խորը ծանոթանալու մեր մշակույթին, իսկ մասնավորապես նկարիչները՝ հենց գեղատեսիլ վայրերում, բնության գրկում կտավին հանձնելու իրենց զգացողությունները։ Հիացած ու ոգեւորված գնացին մեր երկրից։ Կարճ ասած՝ գնացին ու տպավորություններով կիսվեցին իրենց ընկերների հետ, որոնք էլ իրենց հերթին ցանկություն հայտնեցին լինել Հայաստանում։ Որոշ ժամանակ անց ինձ մոտ միտք հղացավ ստեղծել ընկերություն՝ «Արվեստա», որը կզբաղվի արտտուրիզմով։ Տարիների ընթացքում ընդլայնվեց աշխարհագրությունը, եւ այսօր գալիս են Ռուսաստանից, եվրոպական երկրներից՝ Գերմանիա, Շվեյցարիա, Լիտվա, ինչպես նաեւ՝ Կանադայից, ԱՄՆ-ից եւ այլն»։ Հավելեց նաեւ. «Իմ դեպքում «զբոսաշրջիկ» բառը տեղին չէ, ես նրանց համարում եմ իմ հյուրերը ու փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի նրանք իրենց զգան ջերմ ու հարազատ միջավայրում»։
Մշակութային արժեքների փորձագետը հավաստիացրեց, որ իր հյուրերին հիացնում են այցելությունները Սարյանի, Փարաջանովի, Խաչատրյանի տուն թանգարաններ։ Վերջերս էլ էքսկուրսիա է կազմակերպել օպերային թատրոն. հյուրերը շրջել են թատրոնում, եղել կուլիսներում, ներկա գտնվել փորձերին, շփվել մեր արտիստների հետ, հանդիպել մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ։
Դիտարկմանը՝ մեզ հայտնի է, որ Երեւանում կազմակերպել է նաեւ փառատոն, որին ներկա են եղել անվանի արվեստագետներ, Արան, հաստատելով, ասաց. «2019թ. Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ կազմակերպեցի «Հայաստանի գույները» փառատոնը։ Դրսից հրավիրել էի ճանաչում վայելող գեղանկարիչների՝ Լիտվայից՝ Սերգեյ Լիսինին, Ռուսաստանից՝ Քրիստինա Պուրշինային, Տատյանա Կորոտկեւիչին, ներկա էին մեր արվեստագետները նույնպես, այդ թվում՝ Ռուբեն Էֆենջյանը, ակվարելիստ Պետո Պողոսյանը…»։
Ասում են՝ նույնիսկ անցկացրել եք ակվարելի փառատոն, որը մեզ մոտ առաջին անգամ էր տեղի ունենում՝ այս հետաքրքրությանն ի պատասխան Արան պատասխանեց, որ այդ փառատոնը կայացել է Ռուսական արվեստի թանգարանում, ներկա են եղել հանրահռչակ ակվարելիստներ, որոնք առաջին անգամ էին մեր երկրում։ Հյուրերը վարպետության դասեր են անցկացրել Նկարիչների միությունում, Գառնիում, Գեղարդում եւ այլն։ Մեր զրուցակցի խոսքով՝ նման բարձրակարգ արվեստագետներն ունեն աշխարհով մեկ սփռված աշակերտներ, հետեւորդներ, որոնք նույնպես ցանկանում են լինել Հայաստանում։ Շեշտեց նաեւ, թե այդ հանրահայտ արվեստագետների վարպետության դասերին մասնակցելու նպատակով դրսում երիտասարդ արվեստագետները գրանցվում են շուրջ մեկ տարի առաջ։ Առանց մանրամասնելու հավաստիացրեց, որ այդ ամենը կազմակերպում է իր միջոցներով՝ սիմվոլիկ ծախսերով։ Հիմա պատրաստվում է ակվարելի նոր փառատոնի, փորձում է գտնել հնարավորություն, միջոցներ՝ այն մեծամասշտաբ իրականացնելու նպատակով. «Ծրագրել եմ հրավիրել այնպիսի մեծանուն ակվարելիստների, ինչպիսին է, օրինակ՝ Նիկոլոս Լոպեզը (Պերու)։ Կրկնվեմ՝ անպակաս կլինեն մեր արվեստագետները նույնպես»։ Մտաբերեց ռուսաստանցիներ՝ ճարտարապետ Նիկիտա Շանգինին, Տոլստոյի ծոռնուհի, արվեստի քննադատ, ռեժիսոր Ֆյոկլա Տոլստայային, շեփորահար ջազմեն Վադիմ Էյլենկրիգին, դիզայներ Անդրեյ Կոժանովին, որոնց վարպետության դասերն ու շփումները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ ուսանողների, մասնագետների շրջանում, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ իր կազմակերպած տուրերը մշակութային ուղղվածություն ունեն՝ ճարտարապետական, գեղանկարչական, դիզայներական, երաժշտական։
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Արա Մուշեղյանը թոռն է անվանի դրամագետ, պրոֆեսոր Խաչատուր Մուշեղյանի, որը հեղինակել է «Հայոց պատմության դրամագիտականը» գիրքը։ «Պապս գիրքը տպագրության է պատրաստել դեռեւս 1990-ականների սկզբին, հրատարակվել է 1997-ին։ Ցավոք, նա չտեսավ գիրքը տպագրված, որում ամփոփված են հելլենիստական ժամանակներից մինչեւ ուշ միջնադար Հայաստանում տարածված մետաղադրամների բնորոշ տեսակները, որոնք իրենց ծագման տվյալներով արտացոլում են մ.թ.ա. 5-րդ դարից մինչեւ 18-րդ դարի Հայաստանի քաղաքական պատմության հիմնական փուլերը եւ արտաքին առնչությունների գլխավոր ուղղությունները։ 18-րդ դարից մինչեւ մեր օրերն ընդգրկող ժամանակահատվածում Հայաստանում օգտագործված դրամների, այսինքն՝ Ռուսական Կայսրության, Խորհրդային Միության, ինչպես նաեւ հայոց Առաջին եւ Երրորդ հանրապետությունների դրամների ու դրանց հետ կապված քաղաքական առնչությունների մասին հրատարակչությունը հանդես կգա այս գիրք-ալբոմի օրգանական շարունակությունը կազմող նոր գրքով»,- հակիրճ ներկայացրեց մեր զրուցակիցը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2023