Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հազիվ քայլող Էրդողանի ուղերձը` հատկապես Հայաստանին

Հունիս 16,2023 12:00

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում «Իլհամ եղբոր հետ լիարժեք կոորդինացված եւ համակարգված» Անկարան առաջ է մղում գործընթացը

Մայիսի 28-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, առաջին արտասահմանյան ուղեւորությունն ավանդույթի համաձայն կատարեց Հյուսիսային Կիպրոս, ապա՝ Ադրբեջան: Էրդողանը պետական այցով էր Բաքու ժամանել:

Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավը որոշակիորեն նաեւ Ադրբեջանն էր իրականացնում. իշխանամետ քարոզչամեքենան բացահայտ Թուրքիայի գործող նախագահի օգտին էր հանդես գալիս։ Իլհամ Ալիեւն անցյալ ամիս հատուկ Թուրքիա մեկնեց, Էրդողանի նախընտրական քարոզարշավի միջոցառումներից մեկին մասնակցեց` նրա հետ հարթակում հայտնվեց բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ։

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 12-ի երեկոյան Թուրքիայի նախագահին եւ նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորեցին են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում էին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների օրակարգում ինչպես երկկողմ հարաբերություններն էին, այնպես էլ իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

Էրդողանը ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ մասնակցեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական նոր կետի բացմանը։ Նկատենք, որ վերջին տարիներին երկու երկրների ռազմաօդային ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Միայն այս տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակները 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։

Անկարան եւ Բաքուն Էրդողանի նշյալ այցով Հայաստանին եւ տարածաշրջանային խաղացողներին հստակ ուղերձներ հղեցին: Էրդողանն ընդգծեց Բաքվի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Անկարայի պատրաստակամությունը։ Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Անկարան նաեւ պատրաստ է Բաքվի ցանկացած պահին «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։ Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, եւ հատկապես Հայաստանին: «Շուշայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը, անխոս, ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին», – Բաքվում ասաց Էրդողանը:

Ալիեւն էլ իր հերթին չի մոռացել իր գլխավոր պահանջը, եւ Էրդողանի ներկայությամբ հնչեցրել է այն…

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է», Էրդողանի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին նշել է Իլհամ Ալիեւը։ «Որքան արագորեն բացվի Զանգեզուրի միջանցքը, այնքան լավ։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում «Միջին տրանսպորտային միջանցքի» կարեւորությունը մեծանում է։ Կասպից ծովի ափով բեռնափոխադրումների ծավալն աճում է, այդ իսկ պատճառով մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները։ Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման հարցը, եւ ես կարող եմ ասել, որ այդ միջանցքի բացումն անխուսափելի է։ Ամեն դեպքում, մենք այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը մեծացնելու ենք։ Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար եւ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար կապերի վրա», – նշել է Ալիեւը։

Թուրքիայի նախագահը եւս չի շրջանցել այս թեման, պնդելով, թե հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում պետք է օր առաջ ապաշրջափակվեն։ «Զանգեզուրի միջանցքի բացման հարցը պետք է արագորեն լուծել։ Այդ ճանապարհի բացումը կթեթեւացնի նաեւ տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ», – նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսեց Բաքվի եւ Անկարայի` «եղբայրական հարաբերությունների» մասին, որոնց զարգացմանը, նրա խոսքով, աշխարհում հետեւում են նախանձով։ Էրդողանը հույս հայտնեց, որ իր նոր մեկնարկած երրորդ նախագահական ժամկետի ընթացքում թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

Հայտնի է, որ Ալիեւ-Էրդողան բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը երկկողմ ռազմական համագործակցության հետագա խորացումն էր։ «Մենք այսօր քննարկեցինք նաեւ պաշտպանության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր համագործակցության հեռանկարները։ Այս տարի նախատեսված է 16 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություն անցկացնել, դրանցից վեցը արդեն կայացել են։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո մենք ասում էինք, որ ադրբեջանական բանակն այսուհետ զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա, եւ այսօր մենք դրա ապացույցները տեսնում ենք», -նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւի խոսքով՝ այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը, եւ միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում։ «Մենք դա տեսնում էինք 30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի հողերը հայկական օկուպացիայի տակ էին։ Բանակցությունները որեւէ արդյունք այդպես էլ չտվեցին։ Արդյունավետը մեր ուժն էր»,- նշել է Ալիեւը՝ երախտագիտություն հայտնելով Թուրքիային 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած «բարոյական եւ քաղաքական աջակցության համար»։

Ըստ Ermenihaber-ի` Էրդողանն Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում, կրկին հիշեցնելով` «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։ Նա շեշտել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արեւելքի եւ արեւմուտքի միջեւ։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առեւտրից մինչեւ էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչեւ տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։ «Նախագահ Իլհամ Ալիեւ եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։

Էրդողանը նաեւ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների. «Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված եւ համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաեւ, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները»։

Բաքվում կայացած միջոցառումների ժամանակ հազիվ քայլող Էրդողանն առաջիկայում, եթե առողջական լուրջ խնդիրներ չունենա, նրա հնգամյա կառավարումը դարձյալ կառանձնանա Ադրբեջանին լիակատար աջակցությամբ:

Բաքվից Էրդողանի ուղերձը Երեւանին եւ տարածաշրջանային խաղացողներին վկայում է այն մասին, որ Անկարան ու Բաքուն համակարգված կերպով պաշտոնական Երեւանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու հարցում նոր թափով են աշխատում եւ շարունակելու են գործել: Առայժմ նրանց հաստատուն համախոհն ու գործընկերը Մոսկվան է:

Կդիմադրի՞ Երեւանը, թե՞ տեղի կտա Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի ճնշումներին…

էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930