Հունիսի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում առաջին անգամ կայացել է «Ձոն ծաղկանց» խորագրով ծաղկատոն-փառատոնը՝ նվիրված տարածաշրջանի հրաշագործ բնաշխարհին, ծաղկերանգ դաշտերին, ծաղկավետ լեռներին։ Փառատոնի նախաձեռնությունը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնինն է, մասնակիցները` Նոյեմբերյան քաղաքի արհեստի և արվեստի ստեղծագործողներն էին, քարի և փայտի փորագրության ժողովրդական վարպետից մինչև տիկնիկագործ, գորգագործ, վիտրաժի վարպետ, գեղանկարիչ, մանրանկարիչ, թաղիքագործ: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու նաև իրենց նախընտրած վարպետաց դասին։
Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը մշակութային նոր շունչ է Նոյեմբերյան համայնքում:
Կարդացեք նաև
«Միջոցառումը միաժամանակ և ծաղկատոն էր, և մշակութային տոնախմբություն: Մենք կարողացանք միավորել մեր արվեստասեր հասարակությանը, նրանց հնարավորություն ընձեռելով նաև վարպետաց դասերի շնորհիվ ավելի մոտենալ արվեստին: Մեծ հույսեր ունեմ, որ այն կկրի ամենամյա բնույթ»,-հավելեց Զուրաբյանը: Նշենք, որ փառատոնն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով՝ ինչպես մշակույթի կենտրոնի սաների, այնպես էլ համայնքի անհատ կատարողների մասնակցությամբ:
Լիա Ճաղարյան
Լուսանկարները` Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի