Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. վաղ առավոտյան` ժամը 05.00֊ի սահմաններում, 48-ամյա Վարազդատ Թ.֊ն իրեն պատկանող մեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության 81-ամյա աշխատակցուհի Քնար.Մ֊ին։
Նա բրիգադիր էր, այդ ժամին արդեն մաքրում էր իրեն վստահված տարածքը` Հաղթանակի պողոտան։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց սոցիալական ցանցերում հրապարակել են Քնար տատի նկարները` խորը ցավ հայտնելով։
Քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանի փոխանցմամբ, նա անցած տարի երկարամյա անձնվեր աշխատանքի համար ճանաչվել էր «Լավագույն աշխատակից»։
Կարդացեք նաև
Քաղաքը ողբում է կատարվածից. Քնար տատը համարվում էր Գյումրու մաքրության, թասիբի խորհրդանիշը։
Նրան կհուղարկավորեն վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ