Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որոշել եք պաշտոնների նշանակել այն քաղաքացիներին, որոնք երբեւէ չեն հայհոյել Նիկոլ Փաշինյանին կամ ՔՊ-ին, նրանց թիվը քիչ է, շուտով մարդ չեք ունենալու». Մամիջանյան

Հունիս 15,2023 21:12

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցադրումներ արեց, թե ինչո՞ւ 2016-ին ՀՀ բանակը կռվում էր 80-ականների զենքով, իսկ Ադրբեջանը 4 մլրդ վարկ էր ստացել մեզ 80-ականների զենք մատակարարող մեր գործընկերներից եւ գնել ամենաժամանակակից տեխնիկաները. «Բա չասե՞մ ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը, բա ինչի՞ էր այդպես: Բա մի անգամ անդրադառնալո՞ւ եք այդ հարցին, թե՞ չեք անդրադառնալու: Ես եմ անդրադառնալու, որովհետեւ կարող է չեք արտահայտվում այն պատճառով, որ ձեր գլուխը կոկորդիլոսի երախի մեջ է: Հնարավոր է: Մենք բանակի համար չենք խնայել ոչինչ»:

«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»,- այս ասացվածքն ասելով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին:

Նրա խոսքով՝ «երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնի մոտ խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել բոլոր այն «կեղտոտ» հոդվածները, որոնք ինքը ժամանակին հրապարակել է Վազգեն Սարգսյանի մասին, բոլոր որակումները, որ տվել է անձամբ: Ես դա չեմ անի: Երբ այս ամբիոնից խոսում են բանակի ու սպառազինության մասին, ուզում եմ հիշեցնել, որ չարաբաստիկ 2020-ի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր փաստում, որ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է, ի՞նչ եղավ մի ամսվա մեջ: Երբ խոսում են սպառազինության գնումներից, ուզում եմ հիշեցնել, որ մեր թողած սպառազինության պլանը, որը պարունակում էր ՀՕՊ-եր, որը կարող էր կյանքեր փրկել, դուք փոխեցիք ու բերեցիք սելֆիի ձեր ՍՈՒ-երը, որոնք չէին կարող մասնակցել մարտական գործողություններին, որովհետեւ մարտագլխիկներ չունեին: Գնացեք մարդկանց պատասխան տվեք, որոնք զոհվել են, որովհետեւ ՀՕՊ-երի պլանը փոխել եք: «Իսկանդերի» մասին չեմ էլ խոսում: Ցանկացած ռազմական մասնագետ կարող է բացատրել, թե երբ եւ ինչպես էր պետք կիրառել Իսկանդերը եւ ինչ հետեւանքներ կլիներ թշնամու համար դրանից հետո»:

Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին, որը խոսել էր ազատությունից ու հիշեցրեց, որ ժողովրդավարության բաստիոնում ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց են բռնում, տանում քաղմաս. «Իմիջիայլոց, ազատության բաստիոնում ավելացավ քաղբանտարկյալների թիվը մեկով, այսօր ժամը 8-ին կավելանա, դժվար դատավորը զարմացնի, արդեն ռոլիկը պատրաստել եք, Հ1-ով էլ հեսա կտաք: Դուք հույս ունեք ՀՀԿ փոխնախագահին դրանով վախեցնել, բայց ձեռի հետ էլ վախեցնում եք ՀՀ քաղաքացիներին»:

Անդրադառնալով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցին եւ հատկապես ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանի հասցեին քննադատություններին, Մամիջանյանն ասաց, որ ՔՊ-ն գնացել ու ուսումնասիրել է թեկնածուի ֆեյսբուքյան գրառումները ու հորդորեց. «Դե որ ֆեյսբուք այդքան սիրում եք, Վահագն Ալեքսանյանի՝ Ալեն Սիմոնյանի մասին գրառումն էլ հիշեք»:

Խոսելով անվտանգությունից՝ Մամիջանյանն ասաց. «Ձեր ԱԱԾ-ն Սյունիք գնալիս տալիս է հեռախոսահամար, որ գերի ընկնելուց զանգեն: Բոլոր կորուստները ՀՀ-ի ու Արցախի կարելի է վերաազատագրել, բացի մեկից, դուք եք այդ գինը վճարել ու Աստված գիտի, եթե սպառազինության պատկերը չփոխեիք, ինչ կլիներ»:

Վերջում Հայկ Մամիջանյանը խորհուրդ տվեց. «Եթե դուք որոշել եք պետական պաշտոնների նշանակել բացառապես այն քաղաքացիներին, որոնք երբեւէ հայհոյանք չեն հնչեցրել Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի նկատմամբ, դրանց թիվը շատ-շատ քիչ է, շուտով մարդ չեք ունենալու: Ինչ վերաբերում է ամբիոնից հնչած ելույթներին խորապես համոզված եմ, որ ՀՀ պատգամավոր դառնալու պայմաններից զատ պետք է ավելացնել նաեւ մեկը՝ «պսիխոյի» տեղեկանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930