Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

Հունիս 15,2023 20:10

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության  թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը բացառիկ է. այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայ պարարվեստի պատմության  թանգարանի ստեղծման, հիանալի միջավայրի ձևավորման առիթով և նշել, որ կրթական հաստատությունում թանգարանային միջավայրը ստեղծում է հավելյալ արժեք ձեռք բերելու հնարավորություն. «Հաճախ ենք խոսում այն մասին, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ՝ վերածվելով միջավայրի, որտեղ սովորում են երեխաները, և որտեղից թանգարանի  ցանկացած տարիքի այցելու իր հետ արժեքային որևէ բան է տանում»:

Նախարարն ընդգծել է՝ առանց գեղարվեստական կրթության բաղադրիչի հնարավոր չէ ունենալ ստեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առաջ չերկնչող քաղաքացի, իսկ արվեստը դրա ճանապարհներից մեկն է: «Ստեղծագործությունն է, որ մղում է մեզ հասկանալու այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, ու պարն էլ դրա ամենավառ օրինակներից է: Այն ցույց է տալիս, թե մարդն ինչպես կարող է մարմնակրթությունը վերածել արվեստի: Վստահ եմ՝ Պարի թանգարանը նոր ծրագրերի և գաղափարների իրագործման յուրահատուկ միջավայր է դառնալու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված կրթական և թանգարանային միջավայրը նպաստելու է ուսանողի կրթության, գիտական կարողությունների և կատարողական արվեստի որակի բարձրացմանը:

Հայ պարարվեստի պատմության  թանգարանի ստեղծման գաղափարը և նախաձեռնողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի, մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գևորգյանն է:

«Այս թանգարանը մեր պարի երախտավորների ստեղծած պարարվեստի ամբողջական պատմությունն է: Թանգարանում մեկտեղել ենք պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքը»,- ասել է Կարեն Գևորգյանը:

Թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանը, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր: Ցուցադրության են ներկայացված նաև տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ: Թանգարանում ներկայացված են նաև հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքներ:

Դրանք կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը և ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930