ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանը շրջում է մեծաքանակ ոստիկաններով։
«Ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ, որ նախկինում, երբ կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած՝ մեն-մենակ, ծառերի տակ, անձրեւի տակ կուչ եկած»,- ասաց նա։
Նույն գործելակարգն, ըստ Փաշինյանի, այսօր է պահպանվում՝ մի տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոփ նոր, ժողովրդական լեզվով ասած, «յուղը վրեն» ավտոմեքենայով, բոլորովին նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը։
«Ընդ որում, իրենք այդ մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետեւ ես գնում եմ որեւէ տեղ, իրենք միշտ այդտեղ են ծառայում, եւ վերջին անգամ երբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի։ Դուք իմ շարժի մասին շատ վատ պատկերացումներ ունեք, եւ դա ինչ-որ տեղ գուցե ուրախալի է։ Ես Երեւանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ։ Ինչո՞ւ դուք կարող էիք երբեւէ փողոցում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ։ Կամ եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, հետեւից դիակներ էին թողնում։ Ինչո՞ւ եք անընդհատ սադրում»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ