Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ՝ իրավական բովանդակային առումով, բացարձակապես չկա»

Հունիս 15,2023 19:33

Հակակոռուպցիոն դատարանում ժամը 20:00-ին կքննարկվի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը։ Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը դատարանի առջեւ Aravot.am-ին ասաց. «Ակնհայտ քաղաքական հետապնդում է։

Արմեն Աշոտյանը ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի փոխնախագահն է, Գործադիր մարմնի անդամ եւ հանրային հրապարակային գործունեության իմաստով՝ չափազանց ակտիվ, քննադատական խոսքում՝ սուր եւ հիմնավոր, հետեւաբար այդ որակի գործիչներին ֆիզիկապես դաշտից հեռացնելը այն է, ինչին հիմա մենք ականատես ենք լինում։

Քրեական գործ՝ իրավական բովանդակային առումով, այս դեպքում բացարձակապես չկա։ Եթե լիներ, ապա հենց հիմա պետք է պատասխանատվության կանչվեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ինչի՞ համար։ Որովհետեւ ինչ Աշոտյանին փորձում են մեղսագրել, պայմանավորված է իր՝ որպես Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի գործողությունների հետ։ Բուհի կառավարման խորհրդի նախագահը բովանդակությամբ այնպիսի պաշտոն է, որը չի կարող ազդեցություն ունենալ որեւէ որոշման վրա, որը կապված է ֆինանսական միջոցների, գույքի տնօրինման հետ։ Իսկ եթե ունի, ապա դա նշանակում է, որ այն համարվում է անհամատեղելի այլ պաշտոնների հետ։

Հարց է առաջանում. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմա ո՞նց է զբաղեցնում Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։ Ուրեմն սահմանադրություն է խախտվում։ Ինչո՞ւ նրան չեն բերում հակակոռուպցիոն դատարան՝ պատասխանատվության ենթարկելու։ Հայաստանի բոլոր բուհերի կառավարման խորհուրդների նախագահները ՔՊ ներկայացուցիչներ են։ Ինչ վերաբերում է դատավորին, որին մակագրվել է Աշոտյանի գործը, Սարգիս Դադոյանն է՝ նույն այն դատավորը, որը ժամանակին մերժել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Մամիկոն Ասլանյանի դեպքը նույնպես իրավունքի, արդարադատության հետ ոչ մի կապ չունի։ Նա ձերբակալվել է Վանաձորի ընտրություններից հետո՝ ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու բանակցությունները տապալելուց անմիջապես հետո»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930