Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ դուք ի՞նչ եք արել բանակի հետ, բանակը ձեր ղեկավարման ժամանակ պարտություն է կրել»․ Սեյրան Օհանյան

Հունիս 15,2023 19:01

«2018-ից հետո էլ ասել ենք, որ պատրաստ ենք աջակցել, այսօր էլ եմ ասում, որ բանակին աջակցելու ուղղությամբ, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ»։

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին։ «Իմ գործընկերների հիմնական քննադատության ուղղությունն այն է, որ անվտանգության  ամբողջական համակարգի ձեւավորումը ձեզ մոտ ամբողջական չէ, որովհետեւ պետության, հասարակության, անհատի անվտանգության եւ կայուն զարգացման գործում դուք ընտրել եք անհատի կայուն զարգացումը, ընդ որում, ոչ թե շարքային քաղաքացու, այլ պետական պաշտոնյայի։ Մենք ասում ենք, որ առաջնային է առաջին գծի պաշտպանությունում գտնվող մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»,-ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ այսօրվա իրավիճակն այս իշխանությունն է ստեղծել։ «Առաջ էլ ենք նայում, շատ քիչ բան ենք տեսնում, որ ՀՀ համար կարող ենք մենք տեսնել։ Այս իրավիճակից, որը ձեւավորված է անվտանգության համակարգում, ժողովուրդը եւ ընդդիմությունը պետք է հիանա՞ն։ Լծակները բոլորը ձերն են, 2018-ից հետո էլ ասել ենք, որ պատրաստ ենք աջակցել, այսօր էլ եմ ասում, որ բանակին աջակցելու ուղղությամբ, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, նաեւ պաշտպանության նախարարին եմ ասել։ Ես գտնում եմ, որ վիրավորանքն ու սուտը հավասարաչափ նշանակություն ունեն, երբ մարդիկ դուրս են գալիս, այս ամբիոնից խոսում ու վիրավորում են անհատներին, ամենակարեւորը՝ փորձում են դասեր տալ։ Պետք չէ դաս տալ այն ոլորտներում, որտեղ կան մասնագետներ։ Ասում եք՝ բանակ չենք ունեցել։ Հարգելի հայրենակիցներ, բանակը ստեղծվել է հայ ժողովրդի համաժողովրդական ուժերով։ Բանակը Արցախի հատվածում՝ որպես Պաշտպանության բանակ, ստեղծվել է բացառապես Արցախի ներուժի, հենքի հիման վրա՝ իր իսկ ինքնորոշման եւ անվտանգության պայմանները պաշտպանելու համար։ Բանակում կռվել են բացառապես ՀՀ եւ Արցախի Հանրապետության քաղաքացիները։ Նախկինում իմ որոշ գործընկերներ ասում էին՝ դրսից են բոլորը կռվել, դրսից են կոորդինատները տրվել, որ դուք կարողացել եք Արցախյան պատերազմում հաղթանակ տանել։ Արցախյան պատերազմում, եթե մատների վրա հաշվենք, 5-6 հոգի են եղել դրսից, իրականում հայ ժողովուրդն է կռվել»,- ասաց նա։

Խոսելով բանակին հատկացվող ֆինանսավորման մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակին մշտապես հատկացվել է բյուջեի 15 տոկոսը եւ ավելին, ՀՆԱ-ի՝ 4-5 տոկոսը։ «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ ենք մենք ունեցել։ Այո, մենք ունեցել ենք նաեւ հին տեխնիկա, նաեւ նոր տեխնիկա ենք ձեռք բերել, օրինակ, 220 մլն դրամի միջպետական վարկը, որը Ռուսաստանի Դաշնությունից ենք ստացել, երբ ես եղել եմ պաշտպանության նախարար։ Հիմա մենք կասենք՝ ինչո՞ւ հայկական բանակում եղել է նաեւ սպառազինություն եւ տեխնիկա հակառակորդից, հակառակորդից էլ ենք տեխնիկա ձեռք բերել։ Եվ երբ պահածոների տուփերի մասին եք խոսում, ուրեմն իմացեք հետեւյալը՝ այսօրվա հակաահաբեկչական կամ ահաբեկչական միջազգային իրականության մեջ ավելի վտանգավոր են ինքնաշեն միջոցները։ Եվ այդ պահածոների տուփերը հավելյալ ազդանշան են եղել ազդարարման համակարգի համար։ Ինչո՞ւ չեք ասում, որ դրան զուգահեռ տեսադիտարկման սարքեր են եղել, լարային արգելափակոցներ»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը դիմեց իշխանությանը․ «Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ դուք ի՞նչ եք արել բանակի հետ, բանակը ձեր ղեկավարման ժամանակ պարտություն է կրել, պետությունն է պարտություն կրել։ Մարտի դաշտում բանակին աջակցություն ցուցաբերելու համար ճիշտ ռազմաքաղաքական գնահատականներ պետք էր տալ եւ երկիրը մոբիլիզացնել՝ բանակին աջակցելու համար»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930