«Բնականաբար քաղաքական է։ Կարծում եմ՝ Արմեն Աշոտյանը պատժվում է իր քաղաքական գործունեության, բառամթերքի և հռետորաբանության համար»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։
Նա փաստեց՝ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենասուր քննադատն է․ «Նա ամենասուր քննադատն է հայրենիքը հանձնող այն իշխանության, որն արդեն անթաքույց իր ծրագրերը ներկայացնում է։ Այսօր այստեղ կատարվողը դրա վառ վկայությունն է։ Եթե Արմեն Աշոտյանին առաջիկայում կալանավորեն, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը։ Այլ վերնագիր հնարավոր չէ տալ այս գործին։ Այս քրեական գործը երկար տարիների պատմություն ունի։ Տարիներ շարունակ տարբեր առիթներով այս քրեական գործի հիմքերն են փոխվել, փորձ է արվել տարբեր կողմից մոտենալ գործին, բայց մինչ օրս չի հաջողվել։ Այն, ինչ ՀՔԾ-ն չէր կարողանում հիմնավորել, հիմա Քննչական կոմիտեն հանձն է առնել և ինչ-ինչ արհեստական հիմնավորումների արդյունքում կալանավորելու է Արմեն Աշոտյանին։ Այս գործը չի կարող երկար կյանք ունենալ։ Բայց միանշանակ է, որ կունենանք քաղբանտարկյալ և ողջ աշխարհին պիտի ասենք, որ ժողովրդավարական բաստիոնում կան քաղբանտարկյալներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ