ՀՀ վարչական դատարանում ավարտվեցին 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հոր՝ Վահիդ Սահակյանի և 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի (Ոսկե Գև) հոր՝ Գրիգոր Ջավախյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցերի քննության դատական նիստերը: Նրանց նկատմամբ վճիռները կհրապարակվեն հուլիսի 6-ին, datalex.am դատական տեղեկատվական համակարգում:
Այս անգամ ևս, ՀՀ վարչական դատարանի դիմաց հավաքվել էին բախտակից մյուս ծնողները՝ իրենց աջակցությունը հայտնելու Վահիդ Սահակյանին և Գրիգոր Ջավախյանին:
Ինչպես Aravot.am-ին հայտնեց Վահիդ Սահակյանը, հայցվոր կողմը, նախորդ նիստերի օրինակով, դատական այս երկու նիստին ևս չէր ներկայացել: Վահիդ Սահակյանի խոսքով, դատական նիստի ընթացքում դատապաշտպանները հիմնավոր փաստերով ներկայացրել են, որ որևէ վարչական խախտում թույլ չի տրվել, ընդհակառակը՝ ոստիկանության կողմից են կատարվել ապօրինի գործողություններ:
«Մենք նաև հիմնավորեցինք, որ ժամանակագրական առումով ոստիկանության ներկայացրած պահանջը չի համընկնում. իրենք ներկայացրել են, թե իբր հավաք են կազմակերպել և դրա համար տվել են ողջամիտ ժամկետ, դրանից հետո միայն իրականացրել են գործողություն: Մենք էլ հիմնավորեցինք, որ որևէ ողջամիտ ժամկետ չի եղել, այսինքն` իրենք նշել են, որ առավոտյան 06:55-ին իբրև հավաք են իրականացրել, փաստաթղթերով տեսնում ենք, որ արդեն 06:58 ձերբակալել են: Ստացվում է, որ 3 րոպե է տրվել, բա, ողջամիտ ժամկետը ու՞ր մնաց, օրենքը ողջամիտ ժամկետ է պահանջում, այնինչ 3 րոպեում մարդկանց ձերբակալում են: Ներկայացրեցինք բոլոր փաստերը, նաև այն, որ ոստիկանությունը նշել է, թե իբր հասարակական կարգի անվտանգությանն ուղղված գործողություն է կատարել, իրենց փաստաթղթերում նշել են, որ արդեն 07:40-ին Կենտրոն ոստիկանության տարածքում, այսինքն` Կենտրոն վարչական շրջանում նույն սեռի մարդ չեն կարողացել ընթերակա գտնել, որպեսզի անձնական զննություն ապահովեն : Այստեղ հարց է առաջանում, եթե 07:40-ին Կենտրոն վարչական շրջանում մարդ չեք գտել՝ առավոտյան ժամը 06-ին ու՞մ իրավունքներն է խախտվել Եռաբլուրում, ումի՞ց եք պաշտպանել այդ մարդկանց, հասարակական ի՞նչ կարգ եք պաշտպանել, ու՞մ անվտանգությունն եք ապահովել»,- Aravot.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց Վարչական գործերով ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը
Կարդացեք նաև
Ծնողների շահերի ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ այդ օրը Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, մոտ 14 ծնողի նկատմամբ գործ է հարուցվել, մինչ այժմ քննված բոլոր 8 ծնողի գործով ոստիկանության հայցը մերժվել է, որևէ ծնողի նկատմամբ ոստիկանության հայցը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով և մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ