Aravot.am-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 տարի շարունակ տարեց կնոջը մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող տղամարդը շարունակում է մնալ կալանքի տակ: Նա չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը: Այս քրեական վարույթով մի շարք վկաներ կան, որոնք փաստել են, որ տարեց կինը մի քանի անգամ փախել է իրեն շահագործող տղամարդու տնից, ապաստան գտել անօթեւանների համար նախատեսված կացարաններում: Ըստ այդ կացարանների բնակիչների՝ տղամարդը, երբ պարզել է տարեց կնոջ գտնվելու վայրը, մի քանի անգամ փորձել է նրան այդտեղից փախցնել: Նույնիսկ այդ կացարանում էլ բռնության է ենթարկել կնոջը, վերջինս ծեծված նորից վերադարձել է կացարան:
Մեր տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ կացարանի բնակիչները համոզել են, որ կինը ոստիկանություն դիմի ու հանցագործության մասին հաղորդում տա, նա հրաժարվել է՝ վախենալով, որ հաղորդումն ընթացք չի ունենա, իսկ տղամարդն իրեն նորից կգտնի ու ավելի խիստ կպատժի:
Տարեց կինը, որը քրեական վարույթով ճանաչվել է տուժող, իրեն շահագործած տղամարդու հետ առերես հարցաքննության ժամանակ պնդել է նախաքննական ցուցմունքը, ինչը հաստատվել է ոչ միայն իր ցուցմունքով, այլ անձին ներկայացված մեղադրանքը հաստատվել է վարույթով ձեռք բերված մեծաքանակ ապացույցների համակցությամբ:
Մեր տեղեկություններով՝ մեղադրյալի տնից խուզարկությամբ պարկերով տեսակավորված այնքան մետաղադրամ է հայտնաբերվել, որ իրավապահները դժվարացել են նույնիսկ հաշվել: Հայտնաբերվել է նաեւ կանխիկ արտարժույթով մի քանի միլիոնը գերազանցող գումարներ:
Կարդացեք նաև
Տարեց կնոջը Նոր Նորք վարչական շրջանի ոստիկաններն են հայտնաբերել ինքնազգացողությունը վատացած, այդ ժամանակ էլ կինը պատմել է եղելությունը, ընդունվել է հանցագործության մասին հաղորդում:
Մեր տեղեկություններով՝ տարեց կինը տուժող ճանաչվելուց հետո նորից դուրս է եկել մուրացկանության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ