Լրահոս
Օրվա լրահոսը

««Դոգ»-ի վարկանիշը 1․5 տոկոս է, ձերը՝ 1 տոկոս, գնացեք ձեր 133 տարով «Դոգ»-ի հետ մրցեք»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Հունիս 15,2023 17:59

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն 133 տարվա կուսակցություն է։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Միշտ ինձ հետաքրքիր է, երբ ասում եք՝ 133 տարվա, ուզում եմ հասկանալ, գինի՞ է, ի՞նչ է։ Այդ 133-ը կարեւոր չէ, հետաքրքիր է, թե այդ 133 տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ եք գրանցել։ Դուք 133 տարվա մի մասի մեջ ամբողջ ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել եք։ Մենք մաքրում-մաքրում ենք ձեր համագործակցության հետեւանքը, մինչեւ հիմա չենք կարողանում մաքրել»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին։ «Տիկին Կյուրեղյանը Գելափի հարցումն է օրինակ բերում, 1 տոկոս է Դաշնակցության վարկանիշը, հասկանո՞ւմ եք։ «Դոգ» մականունով կերպարինը 1․5 տոկոս է, ձերը՝ 1 տոկոս է։ Մենք ուրախ չենք, մենք տխրում ենք, որովհետեւ մեզ ընդդիմություն է պետք, յուրաքանչյուր իշխանությանը պետք է առողջ ընդդիմություն։ Մենք չունենք ընդդիմություն, եթե դուք ձեզ ի նկատի ունեք, դուք ընդդիմություն չեք։ Դուք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փողերով զբաղեցնում եք ընդդիմության դաշտը եւ չեք թողնում, որ ընդդիմություն ձեւավորվի։ Գնացեք «Դոգի» հետ մրցեք, դա է ձեր մակարդակը այսօր դարձել»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, թե խորհրդարան է վերադառնալու իր սեփական օրակարգով։ «Ո՞րն է ձեր օրակարգը, 1 մլն դոլարանոց հարց, կասե՞ք որն է ձեր օրակարգը։ Էդ որ ըտենց գալիս եք, վարկանիշներից եք խոսում, տիկին Կյուրեղյան, ինչո՞ւ չեք պահանջում նոր ընտրություններ։ Գիտե՞ք ինչու չեք պահանջում, զրո ձայն եք հավաքելու։ Արծվիկ Մինասյանը գալիս է, սկսում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունն անել։ Դուք ինչո՞ւ եք Ռոբերտ Քոչարյանի բեռը՝ մարտի մեկախառը, մարդկանց ձեռքից բիզնեսներ խլելախառը վերցնում ձեր վրա։ Ռոբերտ Քոչարյանը մի գեղեցիկ օր, տիկին Արեգնազի ասած, Միկոնոս է թռնելու, այնտեղ տուն է առնելու եւ ապրելու է։ Դուք մնալու եք այստեղ, ինչո՞ւ եք այդ ամենը վերցնում ձեզ վրա։ Իսկ խոսե՞լ եք Քոչարյանի հետ, ասե՞լ եք՝ Մեղրին այդ ո՞նց էիր տալիս։ Իսկ Վազգեն Մանուկյանի հետ խոսե՞լ եք, Նաիրի Հունանյանի հետ ինքն ի՞նչ հարաբերություններ էր ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից հակադարձում էր։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց․ «Պարոն Մանուկյան, լռեք, դուրս եկեք այստեղից»։

Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդդիմությանը․ «Ուզո՞ւմ եք օգնել ՀՀ-ին, եկեք քննարկենք, նստենք, առանց իրար պիտակավորելու քննարկենք, վարչապետը առաջարկել է։ Պրոցեսները չեն կանգնելու, առաջ են գնալու, մենք ունենք ՀՀ ժողովրդի մանդատը, մենք ունենք այդ մանդատը, քանի դեռ ապացուցված չէ հակառակը։ Եկեք քննարկենք, մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում, մենք էլ չենք ունենալու ընդդիմություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930