«Մենք լսեցինք լուտանքներ, իրականությունից կտրված եւ կեղծ ու մի շարք դեպքերում ակնհայտ սուտ մատնությամբ հայտարարություններ՝ ուղղված ազգային ուժի դեմ։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, պատմությունն է մեզ դատելու եւ պատմությունն է դատում։ 133 տարի գոյություն ունեցող քաղաքական ուժը շարունակվում է, դուք հլա 133 ամիս ապրեք, հետո նոր կխոսենք»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ ՀՅԴ-ին վերագրվում են բաներ, որոնք ոչ միայն իրականության հետ կապ չունեն, այլ խեղաթյուրվում է խոսքը։ «Հասել ենք այնտեղ, որ այս ամբիոնից ծայրահեղ ազատական գաղափարախոսությանը հարող անձը դեմ է արտահայտվում սեփականաշնորհմանը։ Հասել ենք այնտեղ, որ 1990-ականներից սկսած բոլոր ժամանակներում օլիգարխիայի մեջ գտնվող անձինք մեղադրում են նախկինում այն ձեռքբերումները, որոնց ազդեցությամբ Հայաստանը եւ Արցախն իրական անկախություն, իրական ժողովրդավարություն ունեին՝ առնվազն այն մակարդակում, որ որեւէ մեկը չէր ասում, որ այսօր արթնանանք, արդյոք հնարավո՞ր է, որ թշնամին հարձակվի մեզ վրա։ Այսօր մենք կանգնած ենք այդ իրողության առաջ, գոյաբանական վիճակ է։ Եվ փոխարենը ձեր սխալները, ձեր թերացումներն ընդունելով հանդերձ, պատմությունից դասեր քաղելով հանդերձ խոսեք նոր հնարավորությունների մասին, դուք եկել եք այստեղ, 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խեղաթյուրում եք իրականությունը, փորձում եք սրբագրել պատմությունը, փորձում եք վերագրել մարդկանց բաներ, որոնք իրականություն չեն։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում է, որ Ադրբեջանը երբեք փորձ չի արել հարձակում կազմակերպել Հայաստանի եւ Արցախի վրա։ Երկնիշ, ձեր կողմից նշված տնտեսական աննախադեպ ցուցանիշները դեռ այն ժամանակ էին։ Եվ այսքանից հետո չտեսնել սեփական սխալները եւ փորձել կառուցել խոսքերը մարդկանց կարճ հիշողությունների վրա, դա տանում է ուղիղ պետականության կործանման»,- ասաց Մինասյանը։
Պատգամավորը հարցադրում արեց՝ պետական բյուջեի ծախսերը անվտանգության ոլորտում որտե՞ղ են ուղղվել։ «Եթե ֆիզիկական անվտանգությունն ենք նայում, առաջին չափանիշը հետեւյալն է՝ արդյոք պաշտպանված է Հայաստանի քաղաքացին ֆիզիկական ոտնձգությունից, թշնամու հնարավոր ագրեսիայից։ Ոչ, պաշտպանված չէ, երեկ, այսօր կրակոցներ են, հարձակում է։ Պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունն եք գնահատո՞ւմ, գնահատեք այդ ձեւով։ Ժողովրդավարության արդյունավետությունն եք գնահատո՞ւմ, գնահատեք քաղբանտարկյալներով։ Գնահատեք այն անարդարացի դատական ակտերով, որոնք առաջիկայում նաեւ եվրոպական դատարաններում են կոտրվելու»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ դառը իրականությունն այն է, որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ «Դուք հարվածել եք հայ ժողովրդի սնուցման աղբյուրին, մեր միասնականությանը, դուք շարունակում եք այդ ատելությունը, շարունակում եք ամեն գնով գտնել թշնամի, հակառակորդ, ինչո՞ւ, որովհետեւ արտաքին ճակատում պարտվում եք։ Արտաքին ճակատում Հայաստանը ներկայացնող անձն արդեն հասել է այն բանին, որ Եվրոպայի ներկայացուցիչն է ասում, որ Հայաստանի նախագահն է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Պարտվողականությունն է դրվել այս քաղաքականության հիմքում, սա կործանարար է։ Դուք ամեն քննադատությանը մեզ ասում եք՝ դուք իշխանություն եք ուզում։ Տո իշխանությունն էլ ձեզ, էդ աթոռներն էլ ձեզ, նստեք 100 տարի, բայց ապահովեք անվտանգ երկիր, անվտանգ պետություն, ապահովեք Արցախ աշխարհի հայության լիարժեք ապրելու իրավունք։ Մի հրաժարվեք ինքնորոշման իրավունքից, որն աշխարհով մեկ միակ գործիքն է, որը պետք է ապահովի եւ ապահովում է շատ ազգերի գոյությունը։ Դուք հրաժարվելով այս ամենից՝ հաստատ համոզված եղեք, չեք կարողանալու ապահովել նաեւ ՀՀ պետության գոյությունը։ Մեր ասածը սա է, ի՞նչ աթոռ, ի՞նչ իշխանություն, ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա, եթե իմ երկրի պարզ քաղաքացին այսօր կանգնած է գոյաբանական վտանգի առաջ։ Փոխանակ դուք այստեղից ներկայացնեք այս բոլոր չարիքների դեմն առնելու, թշնամուն կանգնեցնելու գործընթացը, ամեն մեկդ ձեր նեղ անձնական, խմբային, կառավարության ղեկավարին դուր գալու մոտեցումներով հայտարարություններ եք անում»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 42 հազար քկմ պետականությամբ ու ինքնիշխանությամբ օժտված Հայաստանն ու Արցախն այսօր զրկված են տարածքի 40 տոկոսից։ Սրա մասին պետք է մտածել՝ ինչպե՞ս վերականգնել դա, ոչ թե հրապարակավ կասկածի տակ դնել մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը․ «Դա հակառակորդի, թշնամու ցանկությունն է։ Դուք հիմա ակամա սպասարկում եք դա, ես չեմ ասում՝ բոլոր ուղղություններով կանխամտածված, բայց այնքան է իշխանության մնալու մոլուցքը ձեզ խեղդել, որ ստիպված եք անգամ ակնհայտ իրականությունը ներկայացնել գլխիվայր»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ