Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական 10-ը տեխնոլոգիական ստարտափներ մասնակցում են «VivaTech-2023»-ին

Հունիս 15,2023 17:09

Հունիսի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:

Հաշվի առնելով ցուցահանդեսի հեղինակավոր դիրքը տարածաշրջանում և միջազգային հարթակներում, ինչպես նաև հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները «VivaTech 2022»-ի ընթացքում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին և միություններին մասնակցելու ցուցահանդեսին և ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու պրոդուկտները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո:

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են «ՎիԱռԴրոբ», «Ադեվից», «ԴուՎորք Թեք», «ԷյԹի», «Դուդուկ», «ՖԲՖ», «Բլիինք», «ԵԻԱ ինժեներինգ», «Թեքստ Էնդ Փեյ Մի» ընկերությունները և ԱՏՁՄ-ն «Արմաթ» ծրագրով:

Միջոցառումը նաև լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Հունիսի 15-ին նախատեսվում է հայկական տաղավարում անցկացնել հանդիպում–ֆորում հայկական սփյուռքի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր այս օրերին Ֆրանսիայում են և որպես այցելու մասնակցում են ցուցահանդեսին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետություն-մասնավոր հատված ձևաչափով փոխշահավետ համագործակցությունը խթանելու նպատակով՝ հունիսի 16-ին հայկական միասնական տաղավարում անցկացնելու է համաժողով ինչպես հայկական և միջազգային մասնակից ընկերությունների, այնպես էլ հայկական սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսը կտևի հունիսի 14-17-ը:

2022 թ. հունիսի 15-18-ը Փարիզում տեղի ունեցած «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները ձեռք էին բերել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ, կնքել էին 6 պայմանագիր և գրանցել էին մատուցվող ծառայությունների վաճառքի աճ: Ունենալով կրկնակի ներկայացվածություն՝ հայկական տաղավարն իր թվային հարթակում ևս ունեցել էր հաջողություններ: Մասնավորապես՝ հայկական մասնակից ընկերություններից մեկը գրավել էր 1-ին տեղը «Ստարտափ» անվանակարգում, «ARMENIA» թվային տաղավարը 3-րդ տեղն էր գրավել «Public Sector» լավագույն հնգյակում և 9-րդը՝ «Corporate SMP և Public Sector»-ի լավագույն 15 ստարտափերի ցանկում, իսկ ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը «VivaTech-2022»-ի թվային հարթակում ճանաչվել էր լավագույն 5-րդ նախաձեռնությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930