Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարը, մենք էլ շարունակում ենք պետական սահմանի պահպանության մեր ծառայությունը». Սասուն Բադասյան

Հունիս 15,2023 17:33

«Ձեզ կանգնեցրել ենք այնպիսի տեղում, որ հնարավոր լինի անվտանգությունն ապահովել, 10 մետր այն կողմ՝ արդեն հակառակորդի դիրքերից տեսանելի կլինեք», այսօր Երասխում կառուցվող Մետալուրգիական գործարանի տարածքում, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ասաց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը:


Այսօր Երասխ, մասնավորաբար, Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված կառուցվող գործարանի տարածքում էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները: Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել:


5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը։ Դիվանագետներից մեկը ճշգրտող հարց ուղղեց՝ արդյոք այս տեղն ամենաապահովն է գործարանի տարածքում։


«Պայմանականորեն` այո»,-ասաց կորպուսի հրամանատարը՝ հավելելով, որ այդ վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա արդեն հակառակորդի դիրքերն են:


Իսկ զրույցն ընթանում էր հենց այն վայրում, որտեղ հունիսի 14-ին վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիները. «Նրանք ընդհանրապես զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական աշխատանքն էին կատարում։ Նույնը կարող է լինել ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու հետ հանրապետության ցանկացած վայրում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ վերջերս հաճախակիացել են այս հատվածում հրադադարի ռեժիմի խախտումները, Սասուն Բադասյանը պատասխանեց. «Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմի խախտումը, մենք էլ շարունակում ենք պետական սահմանի պահպանության մեր ծառայությունը»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930