Լրահոս
Օրվա լրահոսը

Աններելի է այսօր դպրոց փակելը. Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն

Հունիս 15,2023 16:13

Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որին դեմ են Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները, ծնողները։ Դպրոցականները Արմավիրի փողոցներում եւ մարզպետարանի դիմաց բողոքի գործողություններ են իրականացրել «4-րդ դպրոցը մեր ընտրությունն է» մակագրությամբ պաստառներով։ e-draft հարթակում նախագծին դեմ է քվեարկել 84 տոկոսը:

Դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն ասում է, որ սա ոչ թե դպրոցների միավորում է նշանակում, այլ դպրոցի փակում, որովհետեւ մանկավարժներին չեն խոստացել աշխատանքի տեղավորել, ուսուցիչներն ու աշակերտներն անգամ տեղյակ չեն՝ 2023/2024 ուս.տարին դպրոցում կդիմավորեն, թե ոչ: Նրա խոսքով, ստացվում է, իրենց հաշվին խնայողություն են անում:

«Մեր դպրոցում կա 244 աշակերտ, բայց դպրոցն ունի 680 աշակերտ հզորություն, Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն ունի 1000 աշակերտի տեղ, բայց՝ 287 աշակերտ: Այսինքն 45 աշակերտով իրենք մեզանից ավելի են, բայց իրենց տեղերն էլ է ավելի շատ, քան մերը: Երկրորդ հարցն այն է, որ մեր դպրոցը վերանորոգված չէ, բայց մենք մյուս դպրոցի համեմատությամբ մրցունակ ենք: Իմ ուսուցիչներն ունեն այնպիսի ունակություններ ու որակներ, որ երեխաները նախընտրում են իրենց մոտ սովորել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Քալաշյանը:

«Վերանորոգման հարցն անընդհատ մեր երեսով են տալիս, բայց դա իմ խնդիրը չէ, պետության խնդիրն է, բազմիցս այդ մասին բարձրաձայնվել է, դռներ ենք թակել, պահանջել ենք, խնդրել, որ մեր դպրոցը վերանորոգեն, սակայն չեն վերանորոգել: Ու հիմա ստացվում է, որ որպեսզի չվերանորոգեն, բոլորիս համարում են ավելորդ այս քաղաքում»,-նշեց դպրոցի տնօրենը:

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց դպրոցում աշխատում է 32 ուսուցիչ, որոնցից 12-ը կամավոր ատեստավորման է մասնակցել, հավելավճար է ստանում 7-ը, ունեն նաեւ 3 ուսուցիչ, որոնք տարակարգ ունեն. «Իմ մանկավարժների մեծ մասը գրանցվել է, որ մասնակցի կամավոր ատեստավորմանը, բայց նման պայմաններում մարդիկ հիասթափվում են: Ուսուցիչը այն դասակարգն է, որ արդեն իսկ խոցելի է, չի կարելի ուսուցչի հետ այդպես վարվել»:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրենը նշեց, որ մարզպետարանի միջնորդությամբ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի հետ օրերս հանդիպում են հայցել. «Աղմուկ հանեցինք, մարզպետարանը միջամտեց, որ փոխնախարարը մեզ հետ հանդիպի: Նա էլ եկավ, շատ սառը իր պահանջներն ասաց ու գնաց: Ինչպե՞ս կարելի է այսօր դպրոց փակել, դա աններելի է…»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930