Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ հայտնվեցին Սիբիրում՝ Զանգեզուրի գոյամարտի հերոսների զավակներն ու թոռները լինելու պատճառով. պատմաբան

Հունիս 15,2023 15:52

Լույս է տեսել Գրիշա Սմբատյանի 8-րդ գիրքը՝ «Բախում են դռներն ու դարպասները» վերնագրով: Այս լուրջ, բծախնդիր աշխատանքի արդյունքում ծնված աշխատությունն ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։

«Նախ ինչո՞ւ «Բախում են դռներն ու դարպասները», որովհետեւ 1949թ. հու­նի­սի 14-ին ժամը 4-ին ամբողջ Հայաստանում, այդ թվում մեր փոքր հայրենիքում՝ Սյունիքում, Կապանում բախեցին բոլոր դռներն ու դարպասները եւ ասացին՝ պատրաստվեք ձեզ քշում ենք անհայտ ուղղությամբ, ու մարդիկ ճանապարհին իմացան, որ Սիբիր են գնում: Այսքանը գրքի վերնագրի մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց պատմաբանը:

«Ես միշտ մեր փոքր հայրենիքից՝ Սյունիքից եմ խոսում, որը մի մասն է մեր երկրի, խոսում եմ ամենաողբերգական էջերից մեկի մասին, երբ անմեղ մարդիկ հայտնվեցին Սիբիրում միայն նրա համար, որ Զանգեզուրի գոյամարտի հերոսների զավակներն ու թոռներն էին, հակակոլտնտեսային շարժման մեջ էին, նույնիսկ սփյուռքահայ աքսորականների քշեցին Սիբիր, որոնք որակավորվել էին որպես դաշնակցականներ կամ թուրքահպատակներ, 3 այդպիսի ընտանիք եմ հայտնաբերել, նաեւ կային ռազմագերիներ, անմեղ մարդիկ…

Հայտնաբերել եմ բոլոր կապանցիներին, գորիսեցիներին… Երբ ոմանք դեռ ողջ էին, ինձ հաջողվել է գրառել նրանց հուշերը, օգտվել եմ նաեւ արխիվային նյութերից, սակայն ինձ համար ամենաթանկը մարդու բանավոր հիշողությունն է, հատկապես որ 1949թ աքսորի վերաբերյալ արխիվային վավերագրեր գրեթե չկան:

Գրքի իմաստը այսպես եմ տեսնում՝ նախ մարդկային ճակատագրեր, մեր հայրենիքի մի պատմության մասը: Ապշելու բան է մեր հայերի՝ դրսում գոյատեւելու կամքը, ունակությունը, հարմարվելը եւ նույնիսկ տեղացիներից առաջ ընկնելը: Հաճախ ասում են՝ ներսում իրար չենք սիրում, բայց դրսում իրար սիրելը, աջակցելը ուղղակի զարմացնում է: Գրքի նպատակը նաեւ այն է, որ մարդիկ կարդան ու գիտակցեն, որ պետությունը, պետականությունը բարձրագույն արժեք է, որովհետեւ եթե մի օր էլ դառնանք Միութենական պետության մաս, կարող է դուր չգանք ոմանց, մեզ լցնեն վագոնները ու տանեն Ալթայի երկրամաս…Մի խոսքով՝ բանավոր հիշողություններ են, մարդկային ճակատագրեր, սահմանային իրավիճակներ, բացառիկ լուսանկարներ՝ բոլորը Ալթայից… Իմ բոլոր գրքերը սովորության համաձայն միշտ նվիրում եմ մեկի հիշատակին, այս անգամ նվիրել եմ վթարից զոհված կնոջս հիշատակին»,-ասաց Գրիշա Սմբատյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Սյունիքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, խնդրեցինք պատմաբանի հայացքով դիտարկելով այս ամենը՝ պատասխանի հետեւյալ հարցրին՝ ինչո՞ւ է Սյունիքը միշտ հայտնվում իրադարձությունների կիզակետում: «Նախ այդտեղ գլխավոր դեր ունի աշխարհագրական գործոնը, մեր բնությունը, ռեսուրսները…4-րդ դարից հայկական պետականության համար պայքարող Սյունիների տոհմեր, թագավորական տներ, վերջին պետականությունը Սյունիքում, ազատագրական շարժման գաղափարախոսություն, Դավիթ Բեկի ազատագրական պայքար, Զանգեզուրի գոյամարտ, փրկություն, Գարեգին Նժդեհ… Եվ հետո Սյունիքում ամենաթանկը մարդն է, մենք շատ լավ մարդիկ ենք տվել մեր երկրին, ու հավանաբար ինչ-որ մեկին դուր չենք գալիս… Անընդհատ վերաիմաստավորում ենք այս ամենը, տեսնում ենք, որ պետք է գոյատեւենք: Ի դեպ, խուճապը Երևանում ավելի շատ է, քան բուն Սյունիքում: Մենք հիմա այստեղ ծառատունկ ենք անում, հող ենք մշակում, գյուղերում առու ենք անցկացնում»,-նշեց մեր զրուցակիցը:

 Հավելենք, որ «Բախում են դռներն ու դարպասները» գրքի խմբագիրներն են պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը: Գրախոսը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ․ Ներսիսյանն է:

Ընդհանրապես, Գրիշա Սմբատյանի հեղինակած գրեթե բոլոր գրքերում անդրադարձ կա քաղաքական բռնությունների թեմային, իսկ «Երկաթե վարագույրից այն կողմ» գիրքն ամբողջովին նվիրված է քաղաքական բռնությունների կապանյան դեպքերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ sarc.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930