Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով։ 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննելու համար»․ Տիգրան Աթանեսյան

Հունիս 15,2023 15:36

«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով։ 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննելու համար»,-ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք՝ այսօր ձերբակալվել է Արմեն Աշոտյանը։

Տիգրան Աթանեսյանը փաստեց՝ Արմեն Աշոտյանի ձերբակալման հիմք նշվում է այն, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները ու ասաց․ «Բայց թե ինչով է խախտվել, նշված չէ։ Քննիչին ուղղեցի այդ հարցը, պարզաբանում չեմ ստացել»։

Փաստաբանն ասաց, որ լրացվել է նաև մեղադրանքը՝ ոչ փաստական կազմով, այլ որակումները․ «Նույն մեղադրանքն է, որի շուրջ ութ ամիս չենք հարցաքննվել, քննություն չի կատարվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքի մասին երկու բառ։ Ծիծաղելի է նկարագրությունը։ Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար գումար պետք է կորի։ Գումար չի կորել, դա դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է ԵՊԲՀ-ին, որը հիմա արժե երկու անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել»։

Տիգրան Աթանեսյանը փոխանցեց՝ Արմեն Աշոտյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում կապված Արցախը հանձնելու ազգակործան քաղաքականության հետ, և փորձում են լռեցնել այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում բոլորին հայրենավաճառությունը։ Նա հայտնեց․ «Ցուցմունք չենք տվել, քանի որ նախկինում, երբ գործը քննվում էր ՀՔԾ-ում, Արմեն Աշոտյանը մանրամասն ցուցմունք է տվել փաստական հանգամանքների վերաբերյալ, և ՀՔԾ-ն շուրջ երկու տարի հիմք չէր գտնում մեղադրանք առաջադրելու։ Մեղադրանք առաջադրեց այս հիմնարկը նույն նյութերի վրա։ ՀՔԾ-ն կողմ էր գործը կարճելուն, քննչական կոմիտեն գտավ, որ այստեղ կարելի է մարդկանց կալանավորել»։

Փաստաբանը տեղեկացրեց՝ քննիչը միջնորդությամբ է դիմել, մի քանի ժամից կիմանանք՝ նիստը երբ է, ով է և երբ է քննվելու․ «Հակակոռուպցիոն դատարանն է, հույս չունենք, նիկոլյան տրոյկան է, հատուկ ստեղծված դատարան մարդկանց վնաս տալու համար»։

Լրագրողների հարցին՝ Արմեն Աշոտյանը երկրից բացակայե՞լ է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Քննիչի թույլտվությամբ անցյալ տարի դեկտեմբերին նա մի քանի օրով բացակայել է երկրից»։

Մյուս հարցին՝ իսկ ի՞նչ արձագանք եղավ քննիչների կողմից, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Քննիչները միամիտ մարդիկ չեն, լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում։ Չեն կարող խոսել իրականության մասին, որը չեն կարող խոստովանել»։

Տիգրան Աթանեսյանը վստահեցրեց՝ Արմեն Աշոտյանն ունի մարտական տրամադրվածություն։ Իսկ այս գործընթացներն իրենց համար նորություն չէին, քանի որ սպասում էին դրանց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930