Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ի՞նչ եք այստեղ փարիսեցիություն անում, թե գնաց Արցախը հանձնեց։ Ուզում ենք փրկենք, դուրներդ չի գալի՞ս»․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

Հունիս 15,2023 15:08

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ Նա արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, որն ասել էր, որ Վիգեն Խաչատրյանը տարբեր կուսակցությունների է անդամագրվել։

«Քանի որ դուք իմ անունը տալիս եք, ես որոշ բան բացատրեմ, որ քիչ ստեք։ Այո, ես եղել եմ կոմկուսի անդամ եւ շատ բարձր դիրքեր եմ գրավել մինչեւ 1990 թիվը։ Այո, 1991 թվականին ես ընդունվել եմ Ռամկավար ազատական կուսակցության շարքերը, որը մինչեւ հիմա չեմ լքել եւ որեւէ այլ կուսակցության անդամ չեմ եղել։ Ռամկավար ազատական կուսակցության անդամ լինելն է ինձ հնարավորություն տվել լավ ճանաչելու Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Հերիք է ստեք, այլ կուսակցության անդամ ես չեմ եղել։ Պրոբլեմ եմ ունեցել Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության հետ, հեռացել եմ այդ կուսակցությունից, որը հիմա կարա՞ք ասեք, ի՞նչ կուսակցություն է։ Դա այն կուսակցությունն է, որի ամեն ընտրվող ատենապետը նախորդին հեռացնում է։ Որեւէ կապ չունի Հայաստանում գործող Ռամկավար ազատական կուսակցությունը բուն Ռամկավար ազատական կուսակցության հետ, ինչպես դուք, ցավոք սրտի, կապ չունեք Դաշնակցության հետ։ Հայաստանում գործող Դաշնակցությունը, ես որքան համոզվում եմ, կապ չունի այն Դաշնակցության հետ, որը լավ ու վատ գործեր է արել Սփյուռքում»,- ասաց նա։

Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին․ «Մսխվել է Հայաստանի անկախությունը 24 տարի, եւ նոյեմբերի 9-ը երկու անձնավորություն մարսել են, որ պիտի չմարսեին, եւ մարսել են նրանց քաղաքական աղախինները։ Այ դուք մարսեցիք այդ նոյեմբերի 9-ը, բայց մենք թույլ չենք տա, որ շարունակեք մարսել»։

«Այստեղ շատ են խոսում, որ իբր մենք ժողովրդին խաբել ենք։ Մի հատ դաշինք կա, որը իբր կոչվում է «Պատիվ ունեմ», որը երկու կուսակցությունից է բաղկացած, ոչ մեկը ղեկավարը չեկավ խորհրդարան, ստեցին, մեկն էլ եկավ, փախավ։ Հիմա ո՞վ է խաբել։ Այս մյուս դաշինքը՝ ՀՅԴ եւ մի հատ ինչ-որ կուսակցություն, նորից խաբել են։ Դաշինք են կազմել, որ գան ժողովրդին ներկայացնեն, էն մեկի ղեկավարը ապստամբություն է կազմակերպում, ժամանակ չունի, որ գա իր պարտականությունները կատարի, էս մյուսի ղեկավարը հոգնեց, փախավ։ Մի հատ կարա՞նք հասկանանք, թե դուք ո՞վ եք ընդհանրապես եւ ո՞ր իրավունքով եք գալիս մարդկանց անուններ տալիս։ Էն որ մսխեցիք Հայաստանի ու Արցախի անկախությո՞ւնը։ Այն աստիճանի փչացրեցիք ամեն ինչ, որ հիմա Հայաստանը վտանգվա՞ծ է, չեք հասկանո՞ւմ, որ ձեր կերած բողկերն է այս ամենը, 24 տարի մսխեցիք Արցախն ու Հայաստանը։ Հիմա ուզում ենք փրկենք, դուրներդ չի գալի՞ս։ Դուք ի՞նչ եք այստեղ փարիսեցիություն անում՝ գնաց Արցախը հանձնեց։ Գնաց պայման դրեց, որ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, դուք էլ մերը։ Հետո պայման դրեց, որ պիտի բանակցեք ու միջազգային երաշխիքներ տաք 120 հազար հոգուն։ Երրորդ պայմանն էլ դրեց, որ պայքարելու ենք, թույլ չենք տալու, որ Ադրբեջանը վարի ցեղասպան քաղաքականություն եւ էթնիկական զտումներ։ Դուք ի՞նչ եք անում։ Գալիս ասում եք՝ գլուխներդ մի մտցրեք կոկորդիլոսի երախը, մենք ենք ձեզ ասում՝ գլուխներդ հանեք այդ կոկորդիլոսի երախից։ Այդ կոկորդիլոսի հույսով քայքայեցիք Հայաստանն ու Արցախը, հիմա եկել դատավոր եք դարձել այստեղ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930