Ավելի քան 35 հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններ Բրիտանական դեսպանատան պատվիրակության կազմում մասնակցում են «Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթ» փառատոնին, որը տեղի է ունենում հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն միջոցառումը, որը Միացյալ Թագավորության (ՄԹ) ամենամեծ տեխնոլոգիական փառատոնն է, ներառում է ինչպես հիմնական, այնպես էլ հարակից հավելյալ միջոցառումների շարք։ ՄԹ-ն, հանդիսանալով Եվրոպայի ամենաառաջադեմ տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգը, այս միջոցառմանը հյուրընկալում է մասնակիցներ ողջ աշխարհից։
Հայաստանյան պատվիրակների համար մուտքի VIP տոմսեր տրամադրելուց բացի, Երևանում բրիտանական դեսպանատունը ՄԹ բիզնեսի և առևտրի նախարարության և պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ նաև կազմակերպում է հավելյալ, առավել թիրախավորված միջոցառումների ծրագիր։ Վերջինս բացառիկ հնարավորություն է ընձեռում հայաստանյան պատվիրակներին ստանալ խորհրդատվություն ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար, ծանոթանալ համանման ընկերությունների փորձին, գտնել լուծումներ իրենց ընկերությունների հետագա զարգացումն ապահովելու համար, հաստատել համագործակցություն ներդրողների հետ, ինչպես նաև ձեռք բերել ամբողջական մասնագիտական փորձառություն և կապեր՝ ՄԹ-ի շուրջ 1 տրիլիոն դոլար արժողությամբ առաջնակարգ տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգն ուսումնասիրելու և այն որպես հարթակ իրենց ընկերությունների հետագա զարգացմանը ծառայեցնելու համար։
Հունիսի 14-ին հայաստանյան պատվիրակները նաև մասնակցել են «Միացյալ Թագավորություն՝ աճի ցատկահարթակ» անվանմամբ միջոցառմանը, որը նախատեսված էր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պատվիրակների համար։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Լորդ Հյուտոնը և ՄԹ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Առևտրի հանձնակատար Քենան Պոլեոն։ Պանելային քննարկմանը որպես բանախոսներ հանդես են եկել երկու ներկայացուցիչներ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից՝ PicsArt և Granatus Ventures։ Քննարկումից առաջ հայաստանյան պատվիրակներին ողջունել է Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
«Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթ» փառատոնի բացման արարողության ընթացքում ՄԹ վարչապետ Ռիշի Սունակը նշել է․
«Ուրախ եմ կրկին ներկա գտնվել Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթին, որը հսկայական հնարավորությունների հարթակ է։
Մարդկության համար կա առաջընթացի հնարավորություն, որն իր արագությամբ և խորությամբ կարող է գերազանցել արդյունաբերական հեղափոխությունը։ Կարծում եմ՝ ՄԹ-ն կարող է այս նպատակին հասնել, քանի որ ունի ուժեղ մեկնարկային դիրք։
Նախորդ տասնամյակում մենք ստեղծել ենք 134 «միաեղջյուր» (unicorn) ընկերություններ՝ զբաղեցնելով աշխարհում երրորդ տեղը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Մենք աշխարհում թվային կրթվածության տեսանկյունից առաջատար հասարակություններից ենք․ ունենք STEM առարկաների գծով ավելի շատ շրջանավարտներ քան ԱՄՆ-ն, և աշխարհի տասը լավագույն համալսարաններից չորսը գտնվում են ՄԹ-ում։ Մենք ունենք բացառիկ ուժեղ կարողություններ ֆինանսական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, ստեղծարար արդյունաբերության և կենսաբանական ինժեներիայի բնագավառներում։ Կապիտալի ներգրավման առումով ՄԹ-ն Եվրոպայում առաջատար երկիրն է, որի տեխնոլոգիական ոլորտում ավելի շատ ներդրում է կատարվել, քան Ֆրանսիայում և Գերմանիայում համատեղ»։