Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ չնայած հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում երևան են եկել բազմաթիվ մոդերատորներ, Ռուսաստանն առանց ընդմիջման աշխատում է գործընթացի կարգավորման ուղղությամբ:
«Իհարկե, ոչ միայն ԱԳՆ-ն, մեր դեսպանությունը, մեր փորձագետներն աշխատում են միասնական ռեժիմով, մեր խաղաղապահ զորամիավորումն ապահովում է անվտանգությունը, սահմանապահները և այլն: Դուք տեսնում եք ակտիվություն ամենաբարձր մակարդակով, ինչպես են աշխատում է արտգործնախարարը, մենք ունենք հատուկ ներկայացուցիչներ»,- թվարկել է Զախարովան:
Նա նշել է, որ կարգավորմանը Ռուսաստանի մասնակցությունն ընթանում է առանց ընդհատումների: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ բազմամյա հակամարտությունն ի վերջո «ստացել է հնարավորություն գործնականում կարգավորվելու համար»:
«Կողքից ի հայտ են եկել մոդերացնելու բազմաթիվ ցանկացողներ: Ցնցող նորություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ը դրա համար, հնարավոր է, ուժային լուծումներ կիրառի: Դա հաստատ լրացուցիչ տարր չի մտցնի կարգավորման գործընթացում, այլ միայն կբարդացնի և հետ կգցի [գործընթացը]: Մենք հասկանում ենք՝ ինչի համար է դա արվում: Քանի որ այն նախաձեռնողական քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկել է 2020թ-ից՝ որպես իրական միջնորդ, իրական բարեկամ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, շփոթություն և զարմանք են առաջ բերել Արևմուտքի մոտ»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Նա հերթական անգամ շեշտել է, որ «մոդերատորների և միջնորդների քողի տակ հանդես են գալիս նրանք, որոնք խաղաղություն և բարգավաճում չեն ցանկանում այս տարածաշրջանի համար»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ