ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ արտաքին հարաբերությունների ոլորտում նախորդ տարի ծախսվել է շուրջ 177 մլրդ դրամ։ «Եվ ես վերջին օրերին փորձեցի մեր քաղաքացիներին հարցնել՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձեռքբերումը, ի՞նչ ուղղությամբ են աշխատանքները կատարվել, ամփոփումը սա էր՝ ծախսված գումարները խոշոր հաշվով միտված են եղել անթերի, անխոցելի կապիտուլյացիոն պայմանագրի պատրաստմանը, քարոզին ու ստորագրմանը»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ սա կապիտուլյացիա է, որովհետեւ բանակցություններ չեն ընթանում, բանակցային գործընթաց չէ։ «Կա ուժի կիրառմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայմանների ու պայմանների կատարում։ Եթե բանակցային պրոցես է, դա ենթադրում է փոխզիջում։ Նախորդ տարիներին այն վիճակում էինք, որ, այո, զիջում էինք Արցախը չճանաչելը, եւ զիջում էր հանդիսանում երկրորդ անգամ հանրաքվեի անցկացումը։ Հիմա մեկը կարո՞ղ է պատասխանել՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջում։ Հայաստանը՝ ի դեմս ձեզ, համաձայնում է 120 հազար հայերի թողնել Ադրբեջանի կազմում։ Հայաստանը համաձայնում է ստրատեգիական նշանակության ճանապարհները դնել ադրբեջանական վերահսկողության տակ։ «Տարածաշրջանային ապաշրջափակում» բառակապակցության տակ Հայաստանն ամբողջապես ընկնում է շրջափակման տակ, Հայաստանը համաձայնում է ստրատեգիական նշանակության ռեսուսների վերահսկողությունը դնել կասկածի տակ։ Ադրբեջանն ի՞նչ է զիջում, եւ եթե ձեր պատասխանն այն է, որ Ադրբեջանը համաձայնվում է խաղաղության, եւ դա է իր զիջումը, դուք դրանով փաստում եք, որ Ադրբեջանին եք դարձրել Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա կոչ արեց հանրությանը հարց տալ, թե ի՞նչ գնով ենք ունենում այդ «խաղաղությունը»։ «Եթե այդ խաղաղության գինը ցեղասպանությունն է, 120 հազար մարդու ճակատագիրն է, մեզ պե՞տք է դա։ Երկրորդը, ո՞վ է երաշխավորելու այդ խաղաղությունը։ Այս դահլիճում կա՞ մեկը, դուք, որ հիմա կկանգնեք ու կասեք՝ ես անձնական պատասխանատվություն ու երաշխավորություն եմ կրում, էն օրը, երբ կստորագրենք այդ թուղթը, Ադրբեջանը դրանից հետո չի հարձակվելու։ Եթե չեք կարող, դրա մասին հայտարարել եք, ինչո՞ւ եք սա ստորագրում, մեկը կբացատրի՞։ Աշխարհում չկա մեկը, ով կարող է երաշխավորել, Ալիեւն ինքը չի կարող երաշխավորել, որովհետեւ այդպես է, թուղթը չի կարող երաշխավորել խաղաղությունը, Մյունխենյան համաձայնագիրը խաղաղություն չի երաշխավորել։ Ուժերի բալանսի հաստատումն է երաշխավորում խաղաղությունը։ Փաստորեն մեզ ցեղասպանության վտանգի գնով վաճառում են թուղթ՝ առանց երաշխավորի։ Ուրեմն՝ մեր գործը մնում է այդ թուղթը մերժելը, որովհետեւ դա մեզ ոչինչ չի տալու։ Այն Հայաստանը, որը դուք այդ թղթով փորձում եք թողնել, կենսունակ չէ, դատապարտված է մահվան։ Դուք մարդկանցից խլում եք ապագան։ Մտածում եք՝ նոյեմբերի 9-ը մարսեցիք, սա՞ էլ կմարսեք»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։
Ըստ նրա՝ մարդիկ սկսել են հասկանալ, որ պատերազմն Արցախի վերաբերյալ չէր, Թուրքիան ու Ադրբեջանը չեն սահմանափակվում Արցախով, Հայաստանից են տարածքներ ու ճանապարհներ ուզում։ «Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ դեռ կարծում էին, որ կորցնելու բան ունեն, հիմա, երբ դուք մեզնից խլում եք ամեն ինչ, դուք չեք թողնում կորցնելու ոչինչ, եւ չեք թողնում նաեւ զսպող ոչինչ։ Հետեւաբար, սա հաշվի առեք, չեք կարողանալու մարսել։ Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ ճնշումներ են բանեցնում, բայց այդ փաստաթուղթն իրականություն չի դառնալու, կյանքի չի կոչվելու։ Սա անպայման հաշվի առեք՝ ձեր գործողությունները կազմակերպելիս»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ