ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Դա նշանակում է, որ իրենք շարունակում են խորացնել Արցախի շրջափակումը: Դիրքերը առաջ տալով՝ ինչպես ՀՀ բոլոր մյուս հատվածներում, փորձում են ինքնուրույն սահմանազատում, սահմանների գծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է հետ շպրտել, բայց եթե օրինակ՝ Տեղ գյուղի պես լիներ, դժվար իրավիճակում կհայտնվեինք: Դրոշ դնել՝ նշանակում է ընդգծել եւս մեկ անգամ Ադրբեջանի սահմանը, ասել, որ այստեղ մենք ենք ներկայացված»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի պայմանավորվածության իրենք չեն գնալու,շարունակում են ճնշումները Արցախի վրա. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման համար պետք է ձեւավորի երաշխիքներ, ոչ թե խաղաղությունն է երաշխիքը, ինչպես այսօրվա կառավարության ղեկավարն է ասում: Խաղաղությունը ազգային անվտանգության հիմնարար արժեքն է, իսկ երաշխիքները լինում են ազգային միջազգային: Ազգայինը մեր բանակն է, մեր համախմբվածությունը միջազգայինը՝ խելացի արտաքին քաղաքականությունն է եւ դրա շրջանակներում իրականացվող հմուտ բանակցությունները»:
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, Ադրբեջանին հետ շպրտելու համար միակ տարբերակը ՀՀ հզորացումն է, որը այս իշխանությունների հետ չի լինի, որովհետեւ իրենք համակերպվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ թեզերի հետ: Եթե խաղաղություն լիներ, ինչպե՞ս կարող էին անընդհատ կրակել ու առաջ գալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ