Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր վաճառում են թմրանյութ՝ պետք է իմանան, որ ոստիկանները մեծ պարգեւ են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում». Հայկ Սարգսյան

Հունիս 15,2023 14:08

Ո՞ւմ համար էին բերել այդ 1 տոննա թմրանյութը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց. «Մենք ունենք լրջագույն խնդիր եւ դրա մասին խոսել է ՀՀ վարչապետը, ՆԳ նախարարը, որ այո, ունենք նման խնդիր ու դա միայն ՀՀ-ում չէ, ամբողջ աշխարհում կա պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ»: Ըստ պատգամավորի, պայքարի համար կա 2 սկզբունք՝ պատիժը պետք է լինի խիստ: Հիմա, ճիշտ է, թմրանյութեր պահելը, իրացնել, առաքելը պատժվում է 7-10 տարի ազատազրկմամբ, որը խիստ պատիժ է, բայց քաղաքացիները, այնուամենայնիվ, գնում են այդ քայլին՝ վտանգելով նաեւ այլ քաղաքացիների կյանքը»:

Հաջորդ սկզբունքը պատժի անխուսափելիությունն է. «Հանցագործը պետք է իմանա, որ իր արած հանցագործության համար պատիժը լինելու է անխուսափելի: Ենթադրյալ հանցագործները, ովքեր վաճառում են թմրանյութ մեր քաղաքացիներին, պետք է իմանան, որ ոստիկանները մեծ պարգեւ են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում, դրանով իսկ մեկ անգամ եւս մտածեն թմրանյութ վաճառելուց առաջ: Նաեւ մեր ոստիկանները կոգեւորվեն, կունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար, կլիցքավորեն իրենց մեքենաները, կայցելեն կասկածելի զվարճանքի վայրեր, կկատարեն օպերատիվ հավելյալ աշխատանք»:

Հարցին՝ դա իրենց գործը չի՞, այսպես թե այնպես պարտավո՞ր չեն անել, ոնց որ բժշկին փող տան, որ վիրահատություն անի՝ Հայկ Սարգսյանը արձագանքեց, որ բժիշկներն իրենց վիրահատության համար հավելյալ գումար են ստանում. «Ոստիկաններն էլ են ստանում պարգեւավճար, բայց բարդ ընթացակարգ է»:

Ըստ Հայկ Սարգսյանի, եթե մեծ գումար տան, ոստիկանները աշխատանքից հետո էլ կզբաղվեն այդ հարցով ու Հայաստանում այդ հանցագործությունները կկրճատվեն:

Հարցին՝ ձեր թիմակից Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ միջին վիճակագրական բոլոր խնջույքներում թմրանյութ է շրջանառվում, դա հանցագործության մասին հաղորդում էր, չփորձեցի՞ք իր հետ խոսել եւ երբ դուք խնջույքների եք մասնակցում, թմրանյութ կա՞, դուք օգտագործո՞ւմ եք՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ բարեբախտաբար չի լինում թմրանյութ: Ըստ իս, ՀՀ-ում կա թմրանյութ եւ դա վաճառվում է տելեգրամյան ալիքներով ու համացանցով, այլ հարթակներում, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930