Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի 6-ամսյա շրջափակման հետևանքները. JAMnews

Հունիս 15,2023 14:48

JAMnews. Վեց ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է արտահերթ զեկույց, որում ներկայացված են ամփոփ տվյալներ շրջափակման հետևանքների մասին։

Զեկույցի համաձայն՝ ԼՂ-ի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն դոլարի վնաս, աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 11 հազար մարդ։

Ի՞նչ են պատմում արցախցիները

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ներկայացված են նաև մարդկային պատմություններ։ Դրանք կիսված ընտանիքների, սննդի և դեղորայքի պակասի, վատթարացած հոգեկան առողջության մասին են և ոչ միայն։

«Ինչպե՞ս կարող եմ ես վայելել իմ կյանքի ամենասպասված փուլը որպես երիտասարդ մայր ու կին, եթե ես մտածում եմ միայն իմ նորածին երեխային կերակրելու և տաքացնելու մասին՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումների, սննդի, տաք ջրի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայության պայմաններում»։

«Իմ ամենավատ մղձավանջի մեջ անգամ չէի կարող պատկերացնել, որ այդքան երկար կբաժանվեմ իմ երեխայից [այս կինը ամուսնու հետ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մեկ օրով գնացել է Գորիս գնումներ կատարելու և այդ ժամանակվանից չի կարողացել տուն վերադառնալ]։ Ամեն անգամ, երբ զանգում եմ մորս և նա ցույց է տալիս որդուս, ես չեմ կարողանում զսպել արցունքներս։ Մայրս ու տղաս՝ Սևակը ցրտահարվել են ադրբեջանցիների կողմից հոսանքազրկման և գազամատակարարման խափանման ժամանակ։ Սևակը մթություն չի սիրում ու լույսերը մարելուց հետո սկսում է լաց լինել։ Մայրս քրոնիկական հիվանդություն ունի, նա չի կարողանում գնալ ու ժամերով հերթ կանգնել սննդի համար, ոչ էլ կարող է գնալ ու ամբողջ Ստեփանակերտում Սևակի համար անհրաժեշտ մանկական կաթնախառնուրդը փնտրել»։

«Չունենք ո՛չ հուսալի գազամատակարարում, ո՛չ էլ կայուն էլեկտրաէներգիա՝ պլանային հոսանքազրկումների պատճառով, այդ թվում՝ գիշերային ժամերին, հացի արտադրամասն այժմ աշխատում է կես ծավալով։ Այլևս չի հաջողվում բավարարել այն պահանջարկը, որը մինչ շրջափակումն ունեինք, ցավոք սրտի։ Մեր անձնակազմի կեսն այժմ մնացել է առանց աշխատանքի: Մարդկանց հացից զրկելը նշանակում է ողջ ժողովրդին միտումնավոր սովի ենթարկել։ Սա է այսօր Ադրբեջանի իրական մտադրությունը՝ մեր վերջնական հավաքական ոչնչացումը»։

«Շրջափակման պատճառով կորցրել եմ իմ եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ մթերային խանութը, որտեղ ես սովորաբար աշխատում եմ, փակվել է 2022 թվականի դեկտեմբերից։ Քանի որ թարմ բանջարեղենի և մրգերի մեծ մասը ներկրվում էր Հայաստանից, շրջափակումը առաջինը հարվածեց մեզ, և մենք ստիպված եղանք խանութը փակել գրեթե առաջիններից։ Այժմ ես այլևս չեմ կարող պատշաճ կերպով պահել իմ մեծ ընտանիքը: Կինս հղի է մեր 6-րդ երեխայով»։

«Ես պետք է օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկում անեմ, քանի որ վերջին փուլի շաքարախտ ունեմ: Ես ինքս պետք է անեմ դա, քանի որ մենակ եմ ապրում և ընտանիքի անդամներ չունեմ կողքիս։ Ամուսինս զոհվել է 1993 թվականին արցախյան առաջին պատերազմում, իսկ աղջկաս ընտանիքն այժմ ապրում է Երևանում։ Նա չի կարող հիմա գալ Արցախ և իմ մասին հոգ տանել, քանի որ մեզ բաժանում է շրջափակումը: Երբեմն մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք երբեք չնկատի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930