Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Որքան այդ անձը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»։ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ չակերտավոր ադապտացիայի ճիշտ մեթոդ են գտել, ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Երկրում տեղի է ունենում հետեւյալը՝ մեր քաղաքական ուղեգիծը հետեւյալն է՝ օրենքի գերակայություն եւ օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը՝ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ: Հետաքրքիր է, որ երբեք գործ տվողի բնավորություն չեմ ունեցել, այլապես շատ բաներ երեւի այլ կերպ կլինեին: Ես իմ հարցազրույցում ասել եմ, տեր եմ այդ ամենին, երաշխավորում եմ, որ այդ մարդկանց անունների մեջ որեւէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն, դասալիքներ բնականաբար չեն լինելու»:
Թե ինչ նկատի ուներ Աղվան Վարդանյանը, 100 տղամարդուց ինչ է ակնկալվում՝ պարզաբանեց. «Այդ մարդիկ պիտի լինեն պատրաստ, վճռական անձնազոհության մինչեւ վերջ գնալու, որպեսզի այդ չարիքից ազատվենք: Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտի մարդիկ են՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ: Մենք ուղղակի պիտի կարողանանք պարտադրելով, ստիպելով՝ ձեւավորել հայկական միեւնույն արժեքներով, պետական, ազգային արժեքներով առաջնորդվողների էլիտա»:
Ըստ Վարդանյանի, մարդիկ բաժան-բաժան են, բայց պիտի ունենանք մարդկանց խումբ, էլիտա՝ երկիրը փրկելու. «Այդ մարդկանց առաքելությունը պիտի լինի ազատել երկիրը այս իշխանությունից՝ քաղաքական ճանապարհով բնականաբար եւ այդ մարդկանց միջուկը պիտի լինի վաղվա իշխանությունը, որը կփորձի այս ավերակներից երկիրը դուրս բերել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք օրինականությա՞ն շրջանակներում եք դա պատկերացնում՝ նա պատասխանեց, որ որեւէ օրենք չի խախտել մինչեւ հիմա, իսկ պարտադրանքով պետք է էլիտան ձեւավորվի:
Աղվան Վարդանյանի հայտարարությունը համեմատեցին Հոկտեմբերի 27-ի հետ, հարցին՝ դուք նման բան ակնարկո՞ւմ էիք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մարդկանց անհանգստությունը երեւի մեջներն է եւ դա լավ է: Հոկտեմբերի 27-ի մասին ժամանակը կգա, շատ ավելի բաներ գուցե կբացահայտվեն: Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը ամեն անգամ օրինակ բերելով՝ նրանք բացարձակապես անհիմն, զրո հիմնավորմամբ են այդ բաներն ասում: Այստեղ պատգամավորներ կան, կարծեմ նրանցից մեկն էլ երեկ ինչ-որ բան էր խոսում, ասում էին, որ եղել է պետական հեղաշրջում 98 թվականին: 22 տարի հետո համարձակություն ձեռք բերելը տղամարդկության նշան չէ, տղա էիք, տղամարդ էիք՝ այն ժամանակ այդ մտքերը արտահայտեիք: Կուչ եկած, վախեցած միայն Վազգեն Սարգսյանի ստվերից…Մի անգամ ասել եմ, թե մեկը ոնց էր թրջել: Հիմա այսքան տարի հետո այդ մարդկանց ագրեսիվությունը խոսում է իրենց ողորմելիության, խեղճության, ոչ տղամարդկային վարքագծի մասին»:
Լրագրողները ճշտեցին՝ ասել եք՝ 100 մահապարտներ, ի՞նչ նկատի ունեիք՝ նա պատասխանեց. «Իմ խնդիրը ոչ թե մեռնելու գնացողներն են, այլ նպատակը փրկելն է եւ փրկվելը: Այդ մարդկանց ցանկը ես կազմում եմ, 100-ը պայմանական թիվ է, 250 մարդու ցանկ ունեմ»: Թե այդ ցանկում կա՞ իր անունը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Նայեք, իմ անունը մոռացել եմ, բայց կավելացնեմ, կարծում եմ, վերջում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ