Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վախն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բյուջեի փողերով հազարավոր ոստիկաններով է շրջագայում»․ Գեղամ Մանուկյան

Հունիս 15,2023 12:51

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Արդյոք որեւէ վերլուծական եղե՞լ է, թե ոստիկանության այդ բազմամիլիարդավոր ծախսերի մեջ որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքում տեղաշարժվելու վրա ծախսվում»։ Նա նշեց, որ ՆԳ փոխնախարարն ասաց, որ նման ուսումնասիրություն չի եղել։ «Իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են միայն մի բանի համար՝ Նիկոլ Փաշինյանը Երեւանի մի փողոցից մյուս փողոցն անցնի, Հայաստանի մի գյուղից մյուս գյուղն անցնի։ Այլեւս Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն, որ Սեւանի «տռասի՞ վրա, եթե երկու մետրը մեկ կանգնած ոստիկան է, ուրեմն ճանապարհը փակվում է։ Աննախադեպ է այլեւս դարձել Հայաստանի բյուջեի փողերով հազարավոր ոստիկաններով մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են։ Բայց հիմա Երեւանում ամբողջ փողոցները փակում են՝ մի տեղից մյուս տեղ գնալու համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ իրականում դա անվտանգության հարց չի լուծում։ «Վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկաններ իրենց գործը թողած՝ կանգնում են ժամերով, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։ Եվ գիտե՞ք՝ ինչո՞ւ է վախենում, վախը պատճառ է այն գիտակցման, որ թե ինչ աղետի է բերել հասցրել երկիրը։ Վախն է այն գիտակցման, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության զգացում, որը երբեք մեր երկրում չի եղել։ Ատելություն, որովհետեւ գիտակցում են, որ այսօր ցավոք սրտի երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով կարող է Եվրամիության պաշտոնյան հայտարարել, որ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ատելություն է, որովհետեւ Հայաստանի քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանն ասում է՝ Հայաստանն էդ անտեր միջանցքին համաձայնել է, Իրանը թույլ չի տալիս»,- ասաց Մանուկյանը։ ՔՊ-ական պատգամավորները տեղից արձագանքեցին նրան, թե այդպես չի ասել։ Թուրքիայի ղեկավարն ասել էր․ «Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն` երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի»։

«Բերանդ մի բացիր, խոսում եմ, լսիր»,- սաստեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հավելեց․ «Ամեն անգամ Հայաստանի քաղաքացին գետինն է մտնում՝ տեսնելով, որ իր երկիրը ներկայացնողն ինչ վիճակում է հայտնվում, ինչ հայտարարություններ է անում, ականջներն է փակում, որովհետեւ ինքն այսքան ժամանակ չի լսել, որ Հայաստանի պաշտոնյան այդքան ադրբեջանական թեզերով փորձի արդարացնել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, փորձի արդարացնել, որ Արարատը մերը չէ, որ Տավուշում կարող է ինչ-որ տարածք տալ։ Ցավն է, որը ծնում է ատելություն, ցավն է, որը դառել է վրեժ, ցասում, որովհետեւ հասկանում են, որ այդ ամենն իրենցից գողացել են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930