«Եթե կառավարությունը չաշխատեր, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը չէր աճի 4 անգամ»,- այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա նշեց, որ նախորդ տարի Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1 մլրդ դոլար «Վրաստանում 2017 թվականին ներդրումները 2 մլրդ էին կազմել, հիմա էլ է 2 մլրդ։ Հայաստանում 2017-ին 250 մլն դոլար էր, հիմա 1 մլրդ է։ Այսինքն՝ մենք աճել ենք 4 անգամ, իրենք մնացել են նույնը։ Ինչո՞ւ եմ սա նշում, որ ցույց տամ հետեւյալը։ Նշում են, թե կառավարությունը ոչ մի բան չի արել, էդ ներդրումները այսպես թե այնպես կգային։ Եթե կառավարությունը ոչ մի բան չաներ, մենք էլի կունենայինք 250 մլն դոլար ներդրում։ Այսինքն՝ այս կառավարության գործունեության արդյունքը հենց դրանում է, որ հնարավոր է 4 անգամ ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Սա այն ցուցանիշներից մեկն է, որը ցույց է տալիս կառավարության աշխատանքը»,- ասաց Պապոյանը։
Անդրադառնալով կառավարության հասցեին հնչեցվող քննադատություններին՝ Պապոյանն ասաց, որ տնտեսական աճին եւս նպաստել է կառավարության գործունեությունը։ «Անընդհատ ասում են՝ կառավարությունը ոչինչ էլ չաներ, այդ աճը տեղի կունենար։ Չկա այդպիսի բան, չի կարող 12․6 տոկոս աճ տեղի ունենալ, եւ դա կառավարության ուղղակի աշխատանքի արդյունքը չլինի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ