Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է պետք հարգել բռնադատվածների հիշատակը

Հունիս 15,2023 10:00

Երեկ Բռնադատվածների հիշատակի օրն էր: Պատկերացրեք, այդպիսի օր կա՝ 2006 -ին ՀՀ-ում ընդունված օրենքով: Անգամ Երեւանում հուշարձան կա, որը բացվել է 2008 թվականին: Բայց այդ օրվա մասին հիշում են քչերը, հիմնականում՝ խորհրդային շրջանի այլախոհները եւ նրանց հետ ազգակցական կապ ունեցող մարդիկ: Ես այդ շրջանակի հետ անմիջական կապ չունեմ՝ ո՛չ ես, ո՛չ իմ ծնողներն ու պապերն այլախոհ չէին, ո՛չ էլ բռնադատված էին: Բայց, կարծում եմ, այս օրն արժե հիշել պետական եւ հասարակական մակարդակով:

Խնդիրը, կարծում եմ, ոչ թե տվյալ պետական կարգին կամ տվյալ գաղափարախոսությանը հակադրվելն է: Իշխող գաղափարախոսությունները եւ կարգերը փոփոխական են, իսկ պետությունների կողմից մարդկանց ճնշելը՝ մշտական եւ անփոփոխ: Ճնշելու պատրվակները կարող են տարբեր լինել՝ «սխալ» կրոնը կամ քրիստոնեության «սխալ» տարբերակը, «սխալ» ազգությունը, «սխալ» կողմնորոշումը, «սխալ» համոզմունքները: «Ճշտի» տեսակետից հանդես եկող իշխանությունը դարեր շարունակ ճնշել է եւ շարունակում է ճնշել «վհուկներին», «թշնամիներին», «գործակալներին», «5-րդ շարասյուններին»: Ճնշելու գործիքները նույնպես կարող են տարբեր լինել՝ հավատաքննության խարույկներից, «Գուլագներից», Աուշվիցներից սկսած՝ «ֆեյքերի ֆաբրիկաներով» վերջացրած:

Ո՞րն է այն պատրանքը, կամ, եթե ուզում եք, խաբեությունը, որի վրա հիմնված են բոլոր տեսակի պետական բռնաճնշումները (ռեպրեսիաները): Դա այն համոզմունքն է, որ մարդկանց կարելի է ստիպողաբար երջանկացնել կամ (որն, ըստ էության, նույնն է) մարդկանց զոհաբերել հանուն ինչ-որ գաղափարի, որը հետագայում, չգիտես երբ՝ գուցե Ահեղ դատաստանից հետո, ի վերջո, կհանգեցնի համընդհանուր երջանկության: Այդ բաղձալի նպատակը կարող է ձեւակերպվել որպես կոմունիզմի, լիբերալիզմի, կամ «2018 թվականի հեղափոխության արժեքների» հաղթանակ: Կամ՝ որպես «29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ ապրելու հնարավորություն»: Վերջին «պայծառ նպատակի» համար կարելի է կործանել 120 հազար մարդու կյանք:

Խորհրդային շրջանի բռնաճնշումները հենց այդպիսի մտածողության առավել ծայրահեղ, առավել դաժան դրսեւորումների շարքից են: Դրա համար հունիսի 14-ը պետք է հիշել եւ խոնարհվել բոլոր բռնադատվածների հիշատակի առաջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930