Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժամանակին բռնել «լուռ մարդասպանին»․ հեպատիտ С-ի վաղ հայտնաբերման կարևորությունը

Հունիս 15,2023 09:30

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մեր օրերում հեպատիտ С-ով վարակվածների թիվն ավելի արագ տեմպերով է աճում, քան տասնամյակներ առաջ։ Սա մտահոգություն առաջացնող խնդիր է, քանի որ հեպատիտ C-ն հաճախ է աննկատ մնում ինֆեկցիայի վաղ փուլում՝ ընթացքում անելով իր «սև գործը»։

«Հեպատիտ C-ն մենք լուռ մարդասպան ենք անվանում, քանի որ այն սովորաբար բացահայտվում է տարիներ անց, երբ մարդու մոտ դրսևորվում են այնպիսի ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի լուրջ վնասվածքների մասին»,- մեկնաբանում է Ռաշ համալսարանի բժշկական  կենտրոնի լյարդաբան Նենսի Ռոն՝  առցանց տեսանյութում:

Ի՞նչ է հեպատիտ С-ն

Հեպատիտ C-ն հիմնականում լյարդի վրա ազդող վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը համանուն վիրուսն է։ Այն փոխանցվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների միջոցով։ Չբուժելու դեպքում հեպատիտ C-ն առաջացնում է լյարդի լրջագույն վնասվածքներ, ընդհուպ մինչև լյարդի քաղցկեղ։

Արյան պարզ անալիզի օգնությամբ կարելի է հայտնաբերել հեպատիտ C-ն վաղ փուլում․ առաջին 6 ամիսների ընթացքում բուժումն առավել բարձր արդյունավետություն ունի։

Ինչպե՞ս է փոխանցվում հեպատիտ С-ն

  • Թմրանյութերի ներերակային ընդհանուր ներարկումների դեպքում,
  • ծննդաբերության ժամանակ վարակված մորից երեխային,
  • անապահով բժշկական միջամտությունների, արյան փոխներարկման ժամանակ,
  • վարակված մարդու հետ սեռական հարաբերությունների ժամանակ,
  • անձնական ընդհանուր իրերի միջոցով (ածելիներ կամ ունելիներ եղունգների համար),
  • դաջվածքների, պիրսինգի, գեղեցկության ոլորտում իրականացվող ծառայությունների ժամանակ, երբ չեն պահպանվում ախտահանման և ապահով միջամտությունների նորմերը։

Որո՞նք են հեպատիտ C-ի ախտանշանները

Ինչպես նշվեց, վարակվելուց հետո հաճախ ախտանշանները չեն դրսևորվում երկար ժամանակ։ Անգամ եթե դրսևորվում են, հայտնվում են վարակվելուց հետո 1-3 ամսվա ընթացքում և տևում են մինչև 3 ամիս։

Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ հեպատիտ C-ի ախտանշանները 2 տեսակի են լինում՝ սուր և քրոնիկ։

Սուր ախտանշաններ

  • Բարձր ջերմություն,
  • հոգնածություն,
  • մարմնի ցավ,
  • միալգիկ ցավեր մկաններում և հյուսվածքներում,
  • ախորժակի կորուստ, սննդից խորշում

Սուր հեպատիտ C- ի դեպքում կարող են արտահայտվել լյարդի հիվանդություններին բնորոշ սուր ախտանշաններ՝

  • Մաշկի դեղնություն,
  • աչքերի սպիտակուցների դեղնություն՝ պայմանավորված բիլիրուբինի ինտենսիվ արտադրությամբ,
  • փորացավ,
  • ցավ որովայնի վերին աջ հատվածում․ դա կարող է լինել բաբախող կամ ծակող ցավ, որը զգացվում է անմիջապես կողերի տակ,
  • սրտխառնոց և փսխում,
  • քրտնարտադրություն, թքարտադրության ավելացում,
  • մեզի մուգ գույն, բաց գույնի կղանք։

Քրոնիկ ախտանշաններ

Շատերի մոտ հեպատիտ С-ի ախտանշանները զարգանում են քրոնիկ ինֆեկցիայից հետո տարիների ընթացքում՝ հարուցելով լյարդի վնասվածքներ, ցիռոզ։

Քրոնիկ հեպատիտ C-ի ախտանշաններն են՝

  • Հյուսվածքներում հեղուկի կուտակումներ, որոնք սովորաբար այտուցներ են առաջացնում ոտնաթաթերում, սրունքներում, կոճերում և մարմնի այլ մասերում։
  • Որովայնի խոռոչում հեղուկի կուտակում՝ ասցիտ, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է որովայնի չափերի մեծացման, ցավերի, շնչահեղձության։
  • Քոր մարմնի որևէ հատվածում կամ ամբողջ մարմնում։
  • Քաշի անբացատրելի կորուստ․ 6-12 ամսվա ընթացքում մարմնի ընդհանուր զանգվածի 5 տոկոսի կորուստը անհանգստության տեղիք է տալիս։
  • Արյունահոսություն կամ կապտուկներ․ լյարդում սպիտակուցի արտադրությունն անհրաժեշտ է արյան մակարդման համար։ Լյարդի հիվանդությունների ժամանակ սպիտակուցի արտադրությունը դանդաղում կամ դադարում է՝ նվազեցնելով արյան մակարդելիությունն ու թեթև կապտուկների կամ արյունահոսության պատճառ դառնալով։
  • Մտավոր գործառույթների խանգարումներ․ լյարդի ծանր հիվանդությունների ժամանակ տոքսինները դուրս չեն գալիս օրգանիզմից ինչպես որ հարկն է և կարող են վնասել գլխուղեղը։ Արդյունքում զարգանում է լյարդային էնցեֆալոպաթիա, որն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա։ Այս խնդրի բուժման մեթոդներ կան, որոնք ավելի արդյունավետ են հիվանդության վաղ փուլերում կիրառելու դեպքում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930