Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ-ին կոչ եմ անում վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի նկատմամբ». Հարություն Հարությունյան

Հունիս 15,2023 13:00

«Ինձ՝ որպես փաստաբանի եւ հանձնաժողովի անդամի, չի կարող չմտահոգել մի բան, որը կապված է դատավորների իրավունքների եւ դրանց խախտումների հետ»,-ասում է մեր զրուցակիցը: Դատավորների նկատմամբ վարույթների տարափի, միջազգային կառույցների արձագանքի, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլում լայն տարածում ստացած ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ» ընտրելու տեղեկությունների մասին զրուցել ենք Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, որպես Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, ով մասնակցում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերի քննարկմանը, ի՞նչ կասեք Կարեն Անդրեասյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ»-ի ընտրություններ կազմակերպելու լուրերի մասին։ Ի՞նչ գործընթացներ պետք է հետեւեին այս լուրերին։

– ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն իրականացնելու միջոցով պետք է երաշխավորի դատարանների եւ դատավորների անկախությունը: Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի գերնպատակը պետք է լինի դատավորների անկախության ապահովումը, իսկ այդ նպատակից, փաստորեն, Կարեն Անդրեասյանը շեղվել է՝ դատելով տարածված տեղեկություններից։ Ես նման գնահատական եմ հնչեցնում, քանի որ բոլորս լավ ենք հիշում, որ ցանկացած չնչին, նույնիսկ ոչ էական մեղադրանքին անմիջապես արձագանքում են կամ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը, կամ Կարեն Անդրեասյանը, իսկ այս դեպքում չեն էլ փորձում հերքել մամուլում տեղ գտած խայտառակ հրապարակումները՝ դրանով հաստատելով, որ նման միջադեպ եղել է։ Այսինքն, ի՞նչ է ստացվում։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ պետության ողնաշարը հանդիսացող դատական համակարգն իրեն պաշտպանված զգա եւ վերջնական կայանա, զբաղված են դատավորներին վախեցնելով, ճնշելով, հնազանդեցման փորձեր անելով։ Եթե մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները՝ կապված Վերաքննիչ քրեական դատարանի հետ, համապատասխանում են իրականությանը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Կարեն Անդրեասյանը շեղվել է իր սահմանադրական առաքելությունից եւ հատել բոլոր կարմիր գծերը, իսկ քաղաքական իշխանությունը պետք է այս ամենին գնահատական տա, այլապես լռությունը կարող ենք ընկալել համաձայնության նշան, հովանավորություն։ Սա կարող է լինել Կարեն Անդրեասյանի մասնագիտական վախճանը՝ զուգորդված նաեւ քրեական պատասխանատվությամբ։

Կարծում եմ՝ դատավորները պետք է դիմեն ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին ե՛ւ իրավապահ մարմիններին՝ տարածվող տեղեկությունները ստուգելու, դրանց իրավական գնահատական տալու համար։ Կոչ եմ անում եւ հորդորում ԲԴԽ անդամներին՝ վարույթ հարուցել եւ այս հարցը օբյեկտիվ քննել՝ միայն ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցման պայմաններում։ Կարծում եմ՝ հատկապես ԲԴԽ դատավոր անդամները պետք է մասնագիտական պատվախնդրություն դրսեւորեն, շահագրգռված լինեն՝ առնվազն վարույթ հարուցեն եւ պարզեն իրականությունը։ Չէ՞ որ խնդիրը վերաբերում է իրենց գործընկերների անկախությանը եւ իրենց համայնքի հեղինակազրկմանը, որի հաջորդ թիրախը լինելու են հենց իրենք։ Անձամբ ես այստեղ ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական պատասխանատվության տարրեր եմ տեսնում։

– Պարոն Հարությունյան, մամուլում գրվում է նաեւ ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվող թիրախավորված կարգապահական վարույթների քանակի եւ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ դատավորների հանդեպ խիստ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին, Դուք նման միտում տեսնո՞ւմ եք, սա Ձեզ մտահոգո՞ւմ է։

– Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Կարեն Անդրեասյանը դեռեւս Արդարադատության նախարար աշխատած ժամանակ իմ տպավորությամբ չարացած է եղել դատական իշխանության նկատմամբ՝ իրեն հաճախ սխալ արտահայտություններ թույլ տալով, ինչն այսօր ավելի է խորացել: Ինչպես այն ժամանակ եմ նշել, հիմա առավել համոզվել եմ, որ Կարեն Անդրեասյանը թիրախավորված հետապնդումներ է իրականացնում։ Արդարադատության նախարարի մասով չեմ ցանկանում որակումներ տալ, որովհետեւ իմ նախկին կոլեգան է, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում նույն գրասենյակի երկու մասնակիցներին (ԲԴԽ նախագահի կինը եւ ԱՆ նախարարը-խմբ) մեկին վարույթ հարուցող մարմնի ղեկավար նշանակելը, մյուսին պատժող մարմնի նախագահ։

Կարծեք՝ այս ամենը դառնում է փակ շղթա եւ ինքնադրսեւորման յուրահատուկ տարբերակ։ Այս ամենը չի կարող չնսեմացնել դատական իշխանության հեղինակությունը։ Տարակուսելի է նաեւ այս մասով հասարակական կազմակերպությունների անհասկանալի լռությունը։

– Դատավորների եվրոպական միությունը հայտարարություն էր տարածել, որով կազմակերպությունը դատապարտել է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները։ Սա ինչպե՞ս կազդի մեր երկրի վարկանիշի վրա, առհասարակ նման գնահատականները հուզո՞ւմ են պատկան մարմիններին։

– Սրանք հստակ ազդակներ են, որ վաղը, մյուս օրը պետությունը միջազգային հարթակներում ունի եւ ունենալու է վարկանիշի լուրջ խնդիր, ինչը դեռեւս անտեսվում է։ Եվ ինչո՞ւ միայն այդ հայտարարությունը, նաեւ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում տարակուսանք է հայտնվում նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը չդադարեցվելու վերաբերյալ, որն առ այսօր դեռ ակտուալ է։

ԱՄՆ Պետդեպը մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ նշել է. «Հոկտեմբերի 6-ին խորհրդարանը Կարեն Անդրեասյանին ընտրեց ԲԴԽ անդամ, ԲԴԽ-ն նրան ԲԴԽ նախագահ ընտրեց հոկտեմբերի 7-ին: Մինչ նշանակումը նա եղել է արդարադատության նախարար եւ իշխող կուսակցության անդամ: Վկայակոչելով այս գործոնները՝ քաղաքացիական հասարակությունը մտահոգություն է հայտնում այս նշանակման կապակցությամբ հաստատության անկախության տեսանկյունից»:

Իրավապաշտպանները նշում են, որ որոշ դատավորներ որոշ դատական որոշումների կապակցությամբ ենթարկվել են ներքին ճնշումների վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից: Հաղորդվում է, որ այդպիսի ճնշումները ներառում են ազդեցություն նրանց հեղինակության եւ կարիերայի վրա եւ չնչին զանցանքների համար ընտրովի պատժի սպառնալիք… Այս շարքը, ցավոք, շարունակելի է, սակայն ես չեմ նկատում, որ այս ամենից համապատասխան եզրահանգումներ արվեն։

– Պարոն Հարությունյան, վերջերս ականատես եղանք նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման, իսկ հիմա կարծես քննարկվում է նաեւ նույն դատարանի այլ դատավորների լիազորությունների դադարեցման հարց, այս պրակտիկան Ձեզ չի՞ անհանգստացնում։

– Նշեմ, որ քննարկվող հարցերի մասով դիրքորոշում դեռ չեմ կարող հայտնել, քանի որ փաստերին չեմ տիրապետում, իսկ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի մասով միանշանակորեն վստահ եմ, որ պատասխանատվության հիմքում դրված նորմը հակասահմանադրական մեկնաբանությամբ է կիրառվել, ինչը կհաստատի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

ՀՀ ԱԺ-ն 2022 թվականի հուլիսի 6-ին «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքում կատարեց փոփոխություններ, որոնք թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել այն դատավորների նկատմամբ, ովքեր քննել են գործեր, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետագայում որոշում է կայացրել, որ գործընթացի ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումներ: Հասարակական կազմակերպությունները քննադատել են այդ փոփոխությունները՝ նշելով, որ նման վարույթները կարող են իրականացվել ընտրովի, քանի որ բազմաթիվ դատավորներ, դատախազներ ու քննիչներ կարող են պատասխանատվության ենթարկվել: Այս մասին արձանագրել է ԱՄՆ պետդեպը՝ վերը նշված զեկույցում։

Չնայած անձի իրավունքները ակնհայտորեն վատթարացնող նշված նորմին՝ դրան տրվել է հետադարձ ուժ եւ հակասահմանադրական մեկնաբանությամբ դադարեցվել են Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորություններ։ Այս ամենը շատ թանկ է նստելու մեր պետության եւ հարկատուներիս վրա, եւ այս հարցին պետք է հրատապ կարգավորում տրվի։

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930