Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը» Պուտին-Ալիեւ բանակցությունների օրակարգում է

Հունիս 15,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվան ու Բաքուն արդեն պաշտոնապես քննարկում են Ռուսաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ներուժն օգտագործելու հնարավորությունները

Գրեթե 2 տարի է, ինչ Ռուսաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով հայտարարում են, թե Արեւմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, ցանկանում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը: Այս տոնայնությամբ հայտարարությունները պաշտոնապես հնչել են ռուս դեսպանների, ՌԴ ԱԳՆ փոխնախարարների, ապա նաեւ՝ ՌԴ արտգործնախարարի մակարդակով, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի կողմից` ամիսը մի քանի անգամ:

Վերջին թարմ հայտարարությունը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կողմից հնչեց: Ռուսական կողմը կշարունակի եռակողմ համաձայնություններին համապատասխան հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման եւ խաղաղ պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքեր գործադրել, ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Ռոսիա-24» ռուսական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում: Նա միանգամայն բնական եւ տրամաբանական էր համարել այն, որ Բաքուն եւ Երեւանն ուղիղ են քննարկում խաղաղության պայմանագրի տեքստը: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման միակ ճանապարհային քարտեզը 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունն է:

Անդրադառնալով Կովկասում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը՝ Միխայիլ Գալուզինն ասել էր, որ «Վաշինգտոնն ամենուր փորձում է հասնել նույն նպատակին՝ դուրս մղել Ռուսաստանը եւ նեոգաղութատիրական կարգով իրեն ենթարկել Ռուսաստանի գործընկերներ եւ դաշնակիցներ հանդիսացող անկախ երկրները, խոչընդոտել բարեկամների եւ հարեւանների հետ Ռուսաստանի գործընկերությունը եւ դաշինքը»: Նա այնուհետեւ հավելել է, թե Ռուսաստանը դեմ չէ, որ այլ պետություններ նպաստեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, «բայց ոչ թե խոսքով, այլ գործով» եւ «Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածություններին համապատասխան»:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի հրապարակային դժգոհությունն Արեւմուտքից ու Ադրբեջանի իշխանությունների սպասելիքները Հայաստանից նժարի մի կողմում են հայտնվել: Հիմք ընդունելով Ադրբեջանի հրապարակային դժգոհությունները թե՛ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման, թե՛ Ֆրանսիայի գործողությունների վերաբերյալ՝ ակնառու է, որ Բաքուն խուսափում է Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից եւ հնարավոր համաձայնություններից:

Երբեմն անգամ տպավորություն է ստեղվում, որ Մոսկվան ու Բաքուն «փոխանցումներով» հայտարարություններ են հնչեցնում ու դիմում տարբեր քայլերի:

Հունիսի 9-ին Սոչիում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում Փաշինյանը, կարելի է ասել, անսպասելիորեն խոսեց ղարաբաղյան թեմաներով, արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Այսօր եւս կքննարկենք երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաեւ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ եւ էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, եւ դա նույնպես շատ կարեւոր հարց է, ու վստահ եմ՝ այսօր կքննարկենք», նշել է Փաշինյանը:

Հրապարակին հանդիպման ընթացքում, այսինքն, Փաշինյանը շեշտեց, որ Պուտինի հետ քննարկելու օրակարգային թեմաներից է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Փաշինյանի հրապարակային այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Ադրբեջանը ուշագրավ տեղեկատվական արտահոսք կազմակերպեց, փորձ անելով «պատժել» Հայաստանին` Լեռնային Ղարաբաղի թեման կրկին հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հրապարակային բարձրացնելու համար:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողությունը կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները՝ հայտնեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։

Շահին Մուստաֆաեւը հստակեցրեց. «Բանակցություններն ընթանում են 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել առկա եւ նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախիջեւանը կապում են Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ Կապահովվեն ինչպես ուղեւորափոխադրումներ, այնպես էլ` բեռնափոխադրումներ»։ Ապա նա հավելեց, որ այս պահին այդ հարցով տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել էր Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։

Պաշտոնական Երեւանն անմիջապես նույն օրը արձագանքեց Շահին Մուստաֆաեւի հայտարարությանը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությանը, թե իբրեւ Նախիջեւան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` հակադարձեց. «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

Թվում էր, թե սրանով թեման փակվեց: Բայց՝ ոչ, պաշտոնական Բաքուն շարունակեց զարգացնել թեման` ուշագրավ փակագծեր բացելով…

Հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լեւիտինին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, միաժամանակ հիշեցնելով Լեւիտինի՝ հունիսի 9-ի հայտարարությունը, թե` «արեւմտյան պատժամիջոցների պատճառով համաշխարհային լոգիստիկան ծավալվում է դեպի Ասիայի երկրներ»:

Այնուհետեւ, նույն հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահականն է տարածում պաշտոնական հաղորդագրություն, որից հայտնի է դառնում, որ Ալիեւ-Լեւիտին բանակցությունների օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը նախ հայտնում է, որ վերոնշյալ հանդիպմանն արձանագրվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական։ «Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, փոխադրումների վերաբերյալ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ինչպես նաեւ տեղեկանում ենք, որ քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային միջանցքով փոխադրումների հարցը, որը «դարձել է ժամանակակից տրանսպորտային հանգույց»։

Այնուհետեւ՝ ամենաուշագրավը, հաղորդագրությունում ասվում է. «Քննարկվել են Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի ներուժն ապագայում օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրման հետ կապված հարցեր»։

Պաշտոնական այս հաղորդագրությունը տարածելով՝ ադրբեջանական լրատվականներն էլ իրենց հերթին հավելում են. «Զանգեզուրի միջանցքը մոտ 40 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի նախագիծ է։ Այս երթուղին նախատեսվում է իրականացնել՝ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապեր հաստատելու նպատակով։ Այսպիսով, Թուրքիայից Ադրբեջան ուղիղ ցամաքային ճանապարհ է ձեւավորվում…»։

Մոսկվան ու Բաքուն, այսպիսով, ոչ միայն քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» թեման, այլեւ այդ «միջանցքի» ներուժի` Ռուսաստանի կողմից ապագայում օգտագործելու հնարավորություններն են ռուս-ադրբեջանական բանակցությունների օրակարգում:

Իսկ Հայաստանում քաղաքական ամառը խաղաղ է… Նման «մանր-մունր» թեմաները մոդայիկ չեն հայաստանյան խորհրդարանական ընդդիմության եւ արտախորհրդարանական խմբակների համար: Նրանց վարժեցրել են բացառապես նման հարցապնդումներ անելու` «ի՞նչ գործ ունեն եվրոպացի դիտորները Հայաստանում», «Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանին դո՛ւրս շպրտել Հարավային Կովկասից», կամ` «Զանգեզուրի միջանցքով շահագրգռված է Արեւմուտքը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930