Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը չի կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով, ինչ քարտեզներով պետք է գնան բանակցությունների». Արմեն Վարդանյան

Հունիս 15,2023 14:00

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված եւ ուզում է լուրջ հաջողությունների հասնել՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։

«Կարծում եմ՝ առաջիկայում բանակցությունների նոր փուլ կլինի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ձեւաչափով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվում են Բաքվի խնդրանքով, եւ այս պահին հստակեցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման ժամկետները։ Ըստ Արմեն Վարդանյանի՝ «պետք չէ սրանից մեծ ողբերգություն սարքել, կամ հեռուն գնացող հետեւություններ անել»։

Մեր հարցին՝ սա ո՞ւմ է ձեռնտու, սա չի՞ նշանակում արդյոք, որ ադրբեջանական կողմն ինքն էլ դեռ չի կողմնորոշվում իր դիրքորոշումներում, քաղաքագետը պատասխանեց. «Ի միջիայլոց՝ նրանք դեռ չեն կողմնորոշվում՝ անկլավների հարցում ինչ են ուզում, նաեւ քարտեզների հարցով էլ դեռ հստակություն չունեն։ Մարտավարական առումով դեռեւս խնդիրներ ունեն կողմնորոշման առումով, թե ինչ ճանապարհով, ինչ քարտեզներով պետք է գնան բանակցությունների»։

Մեր հիշեցմանը՝ օրերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ես անձամբ չեմ հավատում, որ կլինի խաղաղության պայմանագիր, քանի որ խնդիրներն, իրոք, շատ խորքային են, եւ լուրջ հակասություններ կան մի շարք հարցերում։ Իմ կարծիքով՝ այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու»։

Հարցին՝ այդ դեպքում բանակցություններն ինչի՞ն են ուղղված, Ա.Վարդանյանը պատասխանեց. «Կողմերը փորձում են բանակցությունների գնալ, բայց ադրբեջանական կողմն առավելապաշտական դիրքերից է խոսում եւ հայկական կողմին տարբերակ չի թողնում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Պնդում են, որ Արցախում որեւէ զինուժ չլինի, իսկ հայկական կողմը չի կարող գնալ դրան, քանի որ դա կարող է բերել էթնիկ զտման, ցեղասպանության։ Ադրբեջանը հարցը կտրուկ դնում է, որ Արցախի ՊԲ-ն չպիտի լինի, որ դա իրենց ներքին գործն է եւ այլն»։

Հետաքրքրվեցինք՝ այս ֆոնին ավելի վտանգավոր չի՞ դառնում իրավիճակը Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված, մանավանդ՝ կարծես հարցը մոռացության է մատնված, միջազգային կառույցներն էլ են դադարել արցախահայերի շրջափակման մասին խոսել։ Արմեն Վարդանյանն ասաց. «Համաձայն եմ, ըստ էության, գոնե այս պահի դրությամբ այդ հարցն էլ փակվեց, Ադրբեջանը դիրքորոշում է ընդունել եւ չի պատրաստվում գնալ զիջումների։ Միջազգային հանրությունն էլ սուր չի դնում այդ հարցը Ադրբեջանի առաջ, քանի որ նա ասում է՝ իմ տարածքն է, այդտեղ ինչ կուզեմ, կանեմ, անցակետ կուզեմ, կդնեմ։ Ցավոք, կարծես թե այս պահին Ալիեւին հաջողվեց դա էլ մարսել, եւ որեւէ լուրջ հակազդեցություն ո’չ ՀՀ-ի, ո’չ միջազգային հանրության կողմից չկա։ ՀՀ-ի կողմից չկա որեւէ պայման, որ պարտադրեն, թե ապամոնտաժեք այդ անցակետը, միջազգային հանրությունն էլ տարված է Ուկրաինայով, եւ մեծ հաշվով այդ հարցն իրեն չի հուզում։ Գուցե նաեւ կարծում են, որ Ադրբեջանի իրավունքն է՝ իր տարածքում անցակետ տեղադրել»։

Մեր դիտարկմանը՝ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քկմ-ն՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, սակայն Ալիեւը հրապարակավ նույնիսկ դեռեւս չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի մատնանշած 29 800 քկմ-ն, այս պարագայում արդյոք ՀՀ կառավարությունը ճի՞շտ քաղաքականություն է որդեգրել, քաղաքագետը պատասխանեց. «Բարդ է ասելը։ Ժամանակը ցույց կտա։ Այս պահին, այո, ճիշտ եք ասում, բայց սա նաեւ Հայաստանի դիրքերը որոշ չափով ուժեղացնում է այն առումով, որ ՀՀ-ն ավելի կառուցողական դիրքերից է հանդես գալիս։ Եթե նախկինում Ադրբեջանն աշխարհին ասում էր՝ ՀՀ-ն իմ տարածքների նկատմամբ ոտնձգություն է կատարում, հավակնություններ ունի, շատ դեպքերում այդ փաստարկն անցնում էր, հիմա Ալիեւը նման բան պնդել չի կարող։ Այստեղ արդեն ՀՀ-ն կարող է դիտվել որպես ավելի կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանն՝ ապակառուցողական։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով է այս մարտավարությունն իրեն արդարացնում»։

Հարցին, թե՝ բանակցությունների մասով առաջիկայում ակտիվություն սպասե՞լ, թե՞ ոչ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մի քանի ձեւաչափով բանակցություններ կլինեն՝ ե’ւ ԱԳ նախարարների, ե’ւ երկրի ղեկավարների, ե’ւ փոխվարչապետերի, ե՛ւ Արմեն Գրիգորյան -Հիքմեթ Հաջիեւ ձեւաչափն է աշխատում։ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված այս հարցին եւ ուզում է, որ լուրջ հաջողությունների հասնեն այն առումով, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Եթե ռուսական կողմը որոշակի նախաձեռնություն ցույց է տալիս, բայց լուրջ չի տրամադրված, ամերիկյան կողմը բավականին լուրջ է տրամադրված, որ մի արդյունք լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930