Լրահոս
Օրվա լրահոսը

Բերմուդյան եռանկյունի՞. ո՞ւր է «անհետանում» ավելի քանի 6000 տոննա արդյունաբերական աղը

Հունիս 15,2023 13:30

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի մեկնաբանությունը «Առավոտին»

Երկար ժամանակ է շրջանառվում են լուրեր, որ Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ կերակրի համար ոչ պիտանի արդյունաբերական աղ, որը հետագայում օգտագործվում է սննդի մեջ: «Առավոտը» հարցումներ է կատարել ՊԵԿ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն եւ Սննդի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ): Պատասխանները ստանալուց հետո թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաեւ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ՊԵԿ-ից «Առավոտի»հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2022 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 6359,2 տոննա արդյունաբերական աղ, որ ըստ էության պետք է օգտագործվեր արդյունաբերական նպատակների համար: «Առավոտը» նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից է խնդրել պարզաբանել, թե արդյունաբերության որ ճյուղերում է օգտագործվում վերոնշյալ աղը: Ըստ Էկոնոմիկայի նախարարության պատասխանի, իրենք չունեն տեղեկություն, թե որտեղ է օգտագործվում ՀՀ ներմուծված արդյունաբերական աղը:

Այնուհետև, մենք դիմել ենք ՍԱՏՄ՝ պարզելու համար արդյոք ներկրված արդյունաբերական աղը գտնվում է նրանց վերահսկողության ներքո եւ ստացել ենք պատասխան, որ արդյունաբերական աղը նրանց վերահսկողությունից դուրս է:

Կուզենայինք ստանալ Ձեր մեկնաբանությունը վերոնշյալ պատասխանների վերաբերյալ:

– Ձեզ տրված պատասխաններից հստակ երևում է, որ.

1.ՊԵԿ-ը փաստում է, որ ավելի քան 6300 տոննա արդյունաբերական աղ է ներկրվել Հայաստան:

2.ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը փաստում է, որ չունի տեղեկություն վերոնշյալ աղի՝ արդյունաբերության մեջ օգտագործելու մասին:

3.ՍԱՏՄ-ն փաստում է, որ ներկրված արդյունաբերական աղը գտնվում է իրենց վերահսկողությունից դուրս:

Այս ամենը նշանակում է, որ Հայաստան է ներմուծվում ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ (բնականաբար ոչ սննդի), մինչդեռ ՀՀ-ում չկա գեթ մեկ պետական մարմին, որը տեղյակ է թե որտեղ է օգտագործվում վերոնշյալ աղը, եւ ովքեր են այդ աղի գնորդները՝ ինչը ինքնին զավեշտ է:

Եթե այդ աղը օգտագործվեր արդյունաբերության ինչ-որ ճյուղերում, ապա գնորդները այդ աղը պետք է գնեին հաշվարկային փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագրերով), եւ շատ հեշտ կլիներ պարզել օգտագործողների շրջանակը: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինչ-որ իրավաբանական անձինք առանց փաստաթղթերի գնում են արդյունաբերական աղ և, բնականաբար, այդ աղի միջոցով ստացված արտադրանքը եւս վաճառվում է առանց փաստաթղթերի: Իսկ եթե պարզվի, որ այդ աղը վաճառվում է հաշվիչ դրամարկղային մեքենաներով, ապա այդ դեպքում գնորդը մնում է անհայտ, եւ այդ աղը կարող է օգտագործվել ցանկացած ոլորտում, ինչպես նաև սննդի, ինչն էլ իմ կարծիքով տեղի է ունենում:

Մենք՝ որպես Հայաստանում միակ աղ արտադրող ընկերություն, կարող ենք փաստել, որ մեր կերակրի աղի վաճառքները վերջին տարիներին նվազել են շուրջ 40 %-ով՝ մոտավորապես նույնքան, որքան, ըստ ՊԵԿ-ի տվյալների, արդյունաբերական աղ է ներկրվում Հայաստան, ինչը մեզ եւս իրավունք է տալիս մտածել, որ ներկրված արդյունաբերական աղը օգտագործվում է սննդի մեջ:

Կուզենայի ավելացնել, որ մեր վաճառքների անկումը՝ կապված ներկրված արդյունաբերական աղի հետ (որը, կրկնում եմ, մեր համոզմամբ օգտագործվում է որպես սննդի աղ), բերել է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատավարձների կտրուկ նվազեցմանը, կոմբինատի շահութաբերության խիստ անկմանը եւ այլ խնդիրների:

Դրանից բացի, մեր հաշվարկներով, եթե այդ աղը վաճառվեր մեր կոմբինատի կողմից, ապա պետական բյուջե կմտներ մի քանի անգամ ավել գումար, քան վճարում են այդ աղը ներկրողները:

-Խնդրի ի՞նչ լուծում եք տեսնում:

-Իմ կարծիքով պետությունը պետք է գործուն մեխանիզմներ ստեղծի ներկրվող արդյունաբերական աղի սպառմանը հետեւելու համար: Այդ մեխանիզմներից մեկը կարող է դառնալ արդյունաբերական աղ ներկրողներին արգելելը այդ աղը վաճառել հաշվիչ դրամարկղային մեքենաներով, դրա փոխարեն բացթողումը կազմակերպել բացառապես հաշիվ-ապրանքագրերով, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այդ մեխանիզմի կիրառման պարագայում, կարծում եմ, ինչպես ՊԵԿ-ին, այնպես էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը շատ ավելի հեշտ կլիներ պատասխանել Ձեր հարցին, թե որտեղ է օգտագործվում ներկրված արդյունաբերական աղը:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930