Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա քննչականն այդ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որ չի կարողանում առգրավման որոշումով պարկեային ծառայություն մտնել. փաստաբան

Հունիս 14,2023 23:50

Փաստաբան Կարեն Ալավերդյանի համար առնվազն տարակուսելի է իր հայտարարություններից հետո քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբան Ալավերդյանը ասուլիսի ժամանակ պատմել էր, որ Ոստիկանության կենտրոնական բաժնում իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել, նա ձերբակալվել է: Ըստ փաստաբանի՝ Ոստիկանության բաժնում բռնություններ են կիրառվել նաեւ իր պաշտպանյալի նկատմամբ, ոստիկանները ծխախոտը հանգեցրել են պաշտպանյալի քթին:

«Շատ տարակուսելի է, որ այդ հաղորդագրությունը տարածվեց դեպքից վեց օր անց, երբ որ նմանատիպ դեպքերով քննության մեթոդիկայի առանձնահատկություններից ելնելով՝ պետք է, որ արդեն բավականաչափ քննչական գործողություններ կատարված լինեին: Որպեսզի նման ծանր հանցագործությունը գոնե քննչական կոմիտեն՝ որպես իրավասու պետական մարմին, կարողանար քիչ թե շատ ամբողջական պատկեր ունենար ու կարողանար նորմալ տեղեկատվություն տրամադրեր: Այն ինչ կոմիտեի տարածած հաղորդագրությունը եւս մեկ անգամ գալիս է հաստատելու ասուլիսում ե՛ւ իմ, ե՛ւ մյուս մեղադրյալի պաշտպանների կողմից հնչեցրած այն տեսակետը, որ քննությունը կատարվում է շատ դանդաղ, միակողմանիորեն եւ գործի համար նշանակություն ունեցող ապացույցները ոչնչացնելու հստակ միտում ենք տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, իրենց նկատմամբ բռնությունների դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, բայց հունիսի 13-ի դրությամբ , ինչպես նշված էր քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, դեռ միջոցներ են ձեռնարկվում տեսագրությունները վերցնելու նպատակով. «Իսկ ես ձեզ վստահեցնում եմ, որ տեսագրություն վերցնելու համար որեւէ առանձնահատուկ միջոցներ, այն էլ վեց օր պահանջող, պետք չէ ձեռնարկել: Դրա համար քննչական կոմիտեն ունի կոնկրետ քննչական գործողություն իր զինանոցում, կոչվում է առգրավվում: Պետք է որոշում կայացնել ու մոտենալ ոստիկանության բաժին, որը գտնվում է իրենց վարչական նույն շենքի այլ հարկում: Պետք էր ընդամենն իջնել առաջին հարկ ու առգրավել տեսագրությունը: Նման բան չի արվել, նրանք դեռ միջոցներ են ձեռնարկում: Դեպքի վայրում գտնվել են նաեւ պարեկներ, որոնց ամրակցված տեսախցիկները անջատված են եղել: Մինչդեռ պարեկները տեսախցիկներն իրավունք ունեն անջատել միայն ընդմիջման ժամերին, այն էլ իրենց հերթապահին զեկուցելուց հետո: Եթե պարեկը զգուշացրած չի լինում, կամ չի կարողանում հիմնավորել, որ տեխնիկական խնդիր է անջատումը, ուղիղ կարգապահական պատասխանատվության հիմք է: Այնինչ, իրենք նախապատրաստելով այդ օպերացիան, այդ վայրագությունը՝ բոլոր պարեկների վրայից հեռացրել էին տեսախցիկները: Հիմա քննչականն այդ ինչ միջոցներ է ձեռնարկում, որ չի կարողանում առգրավման որոշումով պարկեային ծառայություն մտնել ու ֆիքսել, որ այդ տեսախցիկները միացված չեն եղել»:

Փաստաբանը կրկին պնդեց իր առաջարկը ներկայացնել տեսագրություն, որտեղ ինքը ոչ թե հայհոյանք, այլ թեկուզ մի ինչ-որ մանկական վիրավորանք է հասցնում ինչ-որ մեկին կամ մի միլիմետր շեղվում է իր մասնագիտական գործունեությունից. «Չեն կարող հրապարակել, որովհետեւ նման բան տեղի չի ունեցել: Եթե լիներ նմանատիպ բան, կա՞ մի միամիտ մարդ, որ կասկածում է, որ դա ոչ միայն կնկարահանեին, այլ երկու րոպե անց կտեղադրեին համացանցում: Ինչ վերաբերում է պաշտպանյալիս, հետը չեմ խոսել, որ իմանամ՝ ինչ է արել, բայց ենթադրենք ինչ որ հայհոյանքներ հնչեցրած լինի կամ իրեն ուղղված հայհոյանքներին փորձած լինի հակադարձել: Նույնիսկ եթե նման բան եղել է, դա խուլիգանության որեւէ հատկանիշ չի պարունակում, որովհետեւ մարդուն չես կարող մեղադրել, թե ինչու ես պատասխանում քեզ հայհոյողին: Եթե ոստիկանը թույլ է տալիս քաղաքացուն հայհոյել, ապա հասարակ քաղաքացու իրավագիտակցության մակարդակը հաշվի առնելով՝ իրենից էլ ինչ պահանջես, որ չհայհոյի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930