Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատավորը՝ գործող դատավորին․ «Ես ձեզ մաղթում եմ ձեր նման դատավոր, ես մաղթում եմ, որ դուք դատապարտվեք ձեր նման դատավորի կողմից»

Հունիս 14,2023 23:23

Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստում երբ քննարկման առարկա դարձավ Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցը, պաշտպանական կողմն ամբողջ կազմով միջնորդեց դատարանին՝ Արուսյակ Ալեքսանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու խնդրանքով։ Նրանք տարբեր հիմնավորումներով փորձում էին ապացուցել, որ Արուսյակ Ալեքսանյանը շուրջ ութ ամիս կալանավայրում պահվելով՝ ըստ էության առանց կայացված վերջնական դատավճռի պատիժ է կրում։ Բոլոր դատապաշտպանները, ինչպես նաեւ մյուս մեղադրյալները դատարանի ուշադրությունը հրավիրում էին նաեւ հանգամանքի վրա, որ Արուսյակ Ալեքսանյանը կին է, որ ոչ միայն ինքը ունի առողջական խնդիրներ, այլեւ նրա մայրը, որին մինչեւ կալանավորվելը խնամում էր Արուսյակ Ալեքսանյանը։

Իսկ երբ դատավոր Վահե Դոլմազյանը, այնուամենայնիվ, որոշեց նրա կալանավորման ժամկետը երկարացնել եւ երեք ամսով, Արուսյակ Ալեքսանյանը հանդես եկավ հայտարարությամբ։ «Նախ եւ առաջ, պատվարժան դատարան, խնդրում եմ գրության տեսքով կլինի, թե հաշվետվության, անպայման ինձ տրամադրել, թե ինչով եք զբաղված եղել մեկ ամիս, երբ որ դատական նիստեր չեք նշանակել իմ ազատության հաշվին։ Խնդրում եմ ներկայացրեք, թե վերապատրաստումների ընթացքում ինչ եք սովորել։ Սովորել եք, որ նախնական դատական լսումները կարող են հինգ-վեց ամիս տեւե՞լ, որ կարող եք անհիմն նորից երկարացնե՞լ։ Խնդրում եմ, այդ ամեն ինչը ինձ ներկայացնել։

Մեկ էլ, պատվարժան դատարան, ես ձեզ մաղթում եմ ձեր նման դատավոր, ես մաղթում եմ, որ դուք դատապարտվեք ձեր նման դատավորի կողմից։ Այս գործը դառնալու է իրեղեն ապացույց։ Այս գործը ձեր փառավոր կարիերայի անփառունակ վախճանն է լինելու։ Հիշեք իմ խոսքը։ Ես հենց այնպես բառեր երբեւէ չեմ ասում։ Հիշեք, դուք եւս ինձ նման պետք է զրկված լինենք ձեր հարազատներին տեսնելու հնարավորությունից։ Ես դա ձեզ խոստանում եմ»։

Դատավոր Վահե Դոլմազյանը Արուսյակ Ալեքսանյանին հորդորեց դուրս չգալ օրենսդրության սահմաններից եւ ասաց, որ մեղադրյալը իրավունք չունի վարույթ իրականացնող մարմնի, տվյալ դեպքում՝ դատարանի նկատմամբ նման արտահայտություններ անել։ Եվ դատական սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով։ Նաեւ զգուշացրեց, որ հետագայում էլ նման վարքագիծ դրսեւորելու դեպքում դատարանը կարող է իրեն իրավունք վերապահել կիրառել ավելի խիստ դատական սանկցիա։ Իսկ թե ինչպիսի՞, ժամանակը ցույց կտա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930