«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել են երկու օտարերկրացիներ։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում, մասնավորապես, գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Նախօրեին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Միլլերը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգման պատճառը «հարյուր տոկոսով ժամանակացույցն է» ՝ ընդգծելով, որ հետաձգումն ամենևին չի արտացոլում «բանակցությունների վիճակը և տարաձայնությունները»:
Միլլերն ընդգծել էր. «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը՝ Հարավային Կովկասի համար: Ինչպես նշել ենք նախկինում, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ մնացած խնդիրների լուծման համար։ Գտնում ենք՝ համաձայնությունը հասանելի է»:
Կարդացեք նաև
Միլլերը հրաժարվել է հստակեցնել բանակցությունների նոր փուլի ժամկետը՝ հույս հայտնելով, որ հանդիպման համար նոր ամսաթիվ կնշանակվի հնարավորինս շուտ: