Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Անդրանիկ Մանուկյան․ «Դատարանը պետք է թողներ, որպեսզի կալանքի ժամկետը իրավունքի ուժով վերանար եւ Արուսյակ Ալեքսանյանը հայտնվեր ազատության մեջ»

Հունիս 14,2023 22:10

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ Արուսյակ Ալեքսանյանի նախկին օգնական Թամարա Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պետք է պաշտպանական կողմը արտահայտեր իր դիրքորոշումը։ Սակայն քանի որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը լրանում է հունիսի 18-ին, դատավոր Վահե Դոլմազյանը կիրառեց Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու, կալանքի ժամկետը երկարաձգելու կամ վերացնելու հարցը։

Պաշտպանական կողմը առարկեց դրա դեմ՝ նշելով, որ դատարանը նման պարտավորություն չունի, հետեւաբար, հունիսի 18-ին Արուսյակ Ալեքսանյանը իրավունքի ուժով պետք է հայտնվի ազատության մեջ։ Սակայն դատարանը, ըստ էության, մերժեց պաշտպանական կողմի առարկությունը եւ նիստի ավարտին Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը եւս երեք ամսով երկարացնելու որոշում կայացրեց։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատական նիստի մասին Aravot.am-ին ասաց հետեւյալը․ «Այսօրվա դատական նիստը սկսվեց եւ հրավիրվել էր այն նպատակով, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հաջորդականությամբ մենք անցնենք պաշտպանության կողմի բացման խոսքը լսելուն, որից հետո անմիջապես պետք է անցում կատարվեր արդեն մյուս դատավարական գործողություններին։

Բայց դատարանը, մեր խորին համոզմամբ, քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված կարգ կիրառեց։ Ասաց՝ չենք քննարկում, չենք անդրադառնում այն հարցերին, ինչի համար հրավիրվել ենք դատարան, այլ սկսում ենք քննարկել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարացման հարցը այն հիմնավորմամբ, որ կալանքի ժամկետը լրանում է հունիսի 18-ին եւ դատարանը պարտավոր է անդրադառնալու նրա կալանքի ժամկետը երկարացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու հարցին։

Ես փաստում եւ ամենայն պատասխանատվությամբ փաստելուս հիմքում դնում եմ իմ ողջ իրավաբանական կենսագրությունը, մասնագիտական արժանապատվությունը եւ ինքնասիրությունը, որ դատարանը․

ա) չունի որեւէ դատավարական կարգ՝ դատական վարույթում խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու եւ բ) դատարանը պարտավոր չէ դատական վարույթում անդրադառնալ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հարցին։ Սա միգուցե անտրամաբանական է։ Միգուցե սխալ է, որ օրենքը նման մեխանիզմներ չի նախատեսում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու դատարանը պետք է վարվի այնպես, ինչպես օրենքը նախատեսում է։ Եթե օրենքը սխալ կարգավորումներ է պարունակում կամ պետք է լինեն կարգավորումներ, որոնք օրենքում չկան, խնդրեմ, Ազգային ժողովը հենց դրա համար է։

Ինչպես ես այս նիստում առաջարկեցի, օրենսդրական նախաձեռնություն այդ բոլոր բացերը լրացնելու համար։ Բայց այս պայմաններում, եթե բացերն առկա են, դատարանը չի կարող վարվել այլ կերպ, քան այդ բացերը նկատի ունենալով՝ սույն պարագայում Արուսյակ Ալեքսանյանին թողնել, որպեսզի իր կալանքի ժամկետը իրավունքի ուժով վերանար եւ Արուսյակ Ալեքսանյանը հայտնվեր ազատության մեջ։ Իսկ եթե որեւէ հարցադրում կլիներ, օրինակ, դատախազությունը հատուկ վերանայման վերաքննիչ բողոք կբերեր կամ կբողոքարկեր դատարանի գործողությունները, դատարանը կկարողանար ազատորեն պատճառաբանել, որ նման դատավարական կարգ չկա, դրա համար դատարանը հնարավորություն չուներ այդ գործողություններն անելու։

Բայց, ցավոք, իմ համոզմամբ, անհիմն կերպով հերթական, արդեն երրորդ  անգամ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը դրվեց քննարկման եւ կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց։ Վահե Դոլմազյանն առաջին անգամ երկարացրել էր հունվարի 18-ին, երկրորդ անգամ՝ ապրիլի 14-ին եւ երրորդ անգամ այսօր՝ հունիսի 14-ին։

Ես անպայման վերաքննիչ բողոքը կներկայացնեմ։ Համոզված եմ՝ այդ բողոքը մերժվելու է ու խնդրում եմ այս խոսքերս արձանագրեք։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ կներկայացնեմ վճռաբեկ բողոք։ Համոզված եմ, որ մեր վճռաբեկ բողոքն էլ մերժվելու է։ Այսպես ասեմ, իմ հույսը սահմանադրական դատարանն է իր համապատասխան արձագանքով։

Ի վերջո, այս բոլոր մերժումներն իմ խորին համոզմամբ ապօրինի են։ Վաղը կամ մյուս օր դրանք անպայման  այլ առանձին գնահատականի են արժանանալու»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930