Լրահոս
Օրվա լրահոսը

Շոո՞ւ, թե՞ իրական իշխանափոխություն՝ Ախուրյանում․ համայնքապետին անվստահություն են հայտնում

Հունիս 14,2023 21:40

Ախուրյան խոշորացված համայնքում, որտեղ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին մեկ ձայնի առավելությամբ համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» դաշինքը գլխավորող դաշնակցական Արծրուն Իգիթյանը (ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը ստացավ 13 ձայն, Արծրուն Իգիթյանը՝ 14), ավագանու 9 անդամներ որոշել են անվստահություն հայտնել նրան։

Մեր ձեռքի տակ է փաստաթուղթը, համաձայն որի՝ Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելով՝ համայնքապետի պաշտոնում առաջադրում են նրա տեղակալ, դարձյալ ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի թեկնածությունը։

Ախուրյանում իշխանությունը ստանձնել են «Ախուրյան» և «Հաղթանակ» միավորված դաշինքները։ Կարեն Արշակյանը գլխավորում է «Հաղթանակ» դաշինքը։

Ախուրյանի գործող համայնքապետին սեփական թիմի կողմից անվստահություն հայտնելը մեկնաբանում են երկու տեսանկյունից։ Չի բացառվում, որ սա սեփական իշխանությունն ապահովագրելու միջոց է, և համայնքապետը հենց ինքն է կազմակերպում իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։

Տվյալ դեպքում շոուի ողջ սցենարը պարզ է․ «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները, որոնք անվստահություն են հայտնում Արծրուն Իգիթյանին, դեմ կքվեարկեն առաջադրված թեկնածու Կարեն Արշակյանին։ Արդյունքում Իգիթյանը կմնա համայնքապետ ու մեկ տարով կդառնա այսպես ասած «անձեռնմխելի»։

ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- նշված է ՏԻՄ օրենքի վերոհիշյալ կետում:

Հիշեցնենք՝ նման մի դեպք տեղի ունեցավ Գյումրու համայնքի պատմության մեջ, երբ համայնքապետը Սամվել Բալասանյանն էր։ Նա ևս կազմակերպեց իր անվստահությունը՝ լրացուցիչ վստահություն ձեռք բերելու նպատակով։

Այդ ժամանակ ավագանու 11 անդամներ համայնքապետի պաշտոնում առաջադրեցին «Բալասանյան դաշինքի» անդամ Տիգրան Հովհաննիսյանին, որն աշխատում էր Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանում ու, ըստ որոշ տեղեկությունների, նրա որդու մոտ ընկերն է։

Սա ապշեցրել էր շատերին, Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամներն այդ նախագիծը որակել էին որպես «կրկես, ծաղրուծանակ» ու հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց։

Մեր հասած տեղեկություններով, Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու երկրորդ տարբերակն այն է, որ այդպես են պահանջում ավագանու ՔՊ-ական անդամները։ Չի բացառվում՝ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Արծրուն Իգիթյանը ստիպված լինի համաձայնել Կարեն Արշակյանի համայնքապետ դառնալուն, որպեսզի կոալիցիա կազմած իրենց թիմը չկորցնի իշխանությունը։

Ըստ նույն տեղեկությունների, Արծրուն Իգիթյանը դիտարկվում է որպես անցանկալի անձ, ով անհիշելի ժամանակներից համայնքապետ է․ 30 տարուց ավել ղեկավարում է Ախուրյանը։ Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցությունը բազում անգամ առաջարկել է ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանին փոխարինել Կարեն Արշակյանով, որը նոր ուժ է՝ գործարար մտածելակերպով ու կայուն բնավորությամբ։ Նրա պաշտոնավարման դեպքում գուցե համայնքը շահի։

Ինչպես երևում է մարզխորհրդի նիստերից, այստեղ վիճակն այնքան էլ լավ չէ․ վերջին նիստի տվյալներով՝ Ախուրյանը սեփական եկամուտների հավաքագրմամբ ամենացածր ցուցանիշն է գրանցել, իսկ սա, բնականաբար, ազդում է համայնքի զարգացման վրա, խոչընդոտում ծրագրերի իրականացմանը։

Մեզ նաև տեղեկություններ են հասել այն մասին, որ ՔՊ-ականները ևս, օգտվելով ՏԻՄ օրենքի ընձեռած հնարավորություններից, գուցե և առաջադրեն իրենց թեկնածուին։ Թեկնածուն ՔՊ-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Զավեն Մանուկյանն է՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրենը։

Ըստ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետի, «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»:

Ի դեպ, թեմայի շուրջ առայժմ կողմերը լռում են, ավելի ճիշտ հրաժարվում են մեկնաբանել։

Թե ո՞ր տարբերակը կդառնա իրական, պարզ կլինի ուրբաթ՝ Ախուրյանում նշանակված ավագանու արտահերթ նիստին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930