Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասասենյակը կրում է հերոս Տարոն Սարգսյանի անունը

Հունիս 14,2023 21:21

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասասենյակն այսուհետ կրում է նույն դպրոցի նախկին աշակերտ, Հայոց բանակի կապիտան, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Տարոն Ահարոնի Սարգսյանի անունը։

Դասասենյակի անվանակոչության եւ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ, հերոսի ծնողները եւ հարազատները։

Դասասենյակի բացման պատիվը տրվեց հերոսի ծնողներին՝ Ահարոն եւ Զինա Սարգսյաններին։ Այնուհետ Տարոն Սարգսյանի անվան ֆիզիկայի դասասենյակում կազմակերպվեց հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հերոսի անցած կյանքին ու մարտական ուղուն։

Տարոն Սարգսյանը ծնվել է 1994 թվականին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում, ավարտել Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը եւ Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ինստիտուտը։ Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Պաշտպանության բանակում, Արցախի Հադրութի շրջանում։

«Տարոնը պատերազմի բռնկման ժամանակ գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վերապատրաստման մեջ։ Հայրենիք վերադառնալուց հետո նա թեեւ մարտնչում էր ամենավտանգավոր դիրքերում, բայց ծնողների եւ հարազատների հետ հեռախոսով խոսելիս հավատացնում էր, թե ամեն ինչ ընթանում է հանգիստ ու խաղաղ։ Նա հերոսի մահով ընկավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, վիրավոր ընկերներին թշնամու ձեռքն անցած տարածքներից դուրս բերելիս։ Անասելի ցավի հետ մեկտեղ մենք հպարտ ենք, որ նման խիզախ ու հայրենասեր աշակերտ ենք ունեցել»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Անուշ Բարսեղյանը։

«Մենք գլուխ ենք խոնարհում հերոսածին ծնողների եւ մեր հերոսի, հայրենի հողի պաշտպանության համար մարտնչած բոլոր հերոսների առաջ։ Ապրողներիս միակ մխիթարությունը թերեւս այն է, որ յուրաքանչյուրս մեր տեղերում ջանադիր աշխատանքով շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, հանուն որի լուսավոր ապագայի ընկան մեր քաջարի տղաները»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ առաջիկայում Տարոն Սարգսյանի անվան ֆիզիկայի դասասենյակը մարզպետարանի կողմից կկահավորվի դպրոցական անհրաժեշտ գույքով։

 

Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930